Մեծ Բրիտանիայի բիզնեսի հարցերով նախարար Պիտեր Քայլը երկուշաբթի խոստովանել է, որ բարձր հարկերի պատճառով երկրի միլիարդատերերը լքում են երկիրը։

Times պարբերականը հաղորդել է, որ հնդիկ մագնատ, պողպատաձուլական ArcelorMittal ընկերության հիմնադիր և գործադիր նախագահ Լաքշմի Միտալը լքել է Մեծ Բրիտանիան հարկային բարեփոխումների պատճառով, որոնք կազդեն մեծահարուստների վրա։ Միտալի իրավիճակին ծանոթ աղբյուրը պարբերականին հայտնել է, որ մագնատի խնդիրը եկամտային հարկը չէ, այլ ժառանգության հարկը, որը Մեծ Բրիտանիայում կազմում է 40%։

«Այո, ես ընդունում եմ դա։ Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք բարձրացրել ենք հարկերը և ոչ ռեզիդենտների համար փակել ենք որոշ սողանցքներ»,- Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է նախարարը, երբ նրան հարցրել են՝ արդյոք նա ընդունո՞ւմ է փաստը որ միլիարդատերերը լքում են երկիրը։

պատասխանելով Միտալի՝ Մեծ Բրիտանիայից հեռանալու որոշման վերաբերյալ հարցին՝ Քայլը նշել է, որ նման զարգացումները անհանգստացնում են իրեն։ «Դա մտահոգիչ է, բայց ես չեմ ուզում, որ մենք՝ որպես երկիր, կենտրոնանանք միայն միլիարդատերերի վրա, քանի որ կան այլ մարդիկ, որոնք հեռանում են: Կան մարդիկ, ովքեր բիզնես են սկսում և զանգվածաբար հեռանում են Միացյալ Նահանգներ, քանի որ այս երկրում անհրաժեշտ ֆինանսավորում չունեին»,- հավելել է Քայլը։

Հունիսին բրիտանական ներդրումային և միգրացիոն խորհրդատվական Henley&Partners ընկերությունը հրապարակել է զեկույց, որում կանխատեսվում էր միլիոնատերերի զանգվածային արտագաղթ երկրից: Միայն այս տարի հարկային բարեփոխումների շրջանակում սպասվում է, որ Մեծ Բրիտանիան կլքի ավելի քան 16 հազար միլիոնատեր: Դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան Չինաստանից երկու անգամ ավելի շատ հարուստ մարդիկ կլքի, նշվում է զեկույցում։

Ապրիլին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը վերացրել է ոչ ռեզիդենտնների համար նախատեսված հատուկ հարկային ռեժիմը, որը հարուստ օտարերկրացիներին թույլ էր տալիս պաշտպանել արտասահմանում ստացված իրենց եկամուտը Մեծ Բրիտանիայի հարկումից։