Թուրքիայի խորհրդարանը հայտարարել է, որ պատգամավորների մի խումբ բանտում հանդիպել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հետ: Դա PKK-ի առաջնորդի հետ առաջին պաշտոնապես թույլատրված միջկուսակցական հանդիպումն է, հաղորդել է «Թուրքիայի ձայնը»:
Բանակցությունները տեղի են ունեցել Իմրալի կղզու բանտում: Պատվիրակության կազմում էին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը, ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահը և ձախակողմյան քրդամետ «Ժողովրդական դեմոկրատական կուսակցության» փոխնախագահը:
«Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին բարձր է գնահատել այցը՝ նշելով, որ Օջալանը շարունակում է կարևոր դեմք մնալ կառավարության «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» կառուցելու նպատակին հասնելու գործում:
«Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը» հանդիպումը «պատմական քայլ» է որակել և բոլոր քաղաքական ուժերին երկխոսության կոչ է արել: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հրաժարվել է մասնակցել՝ վկայակոչելով թափանցիկության բացակայությունը:
Հիշեցնենք, որ մայիսին PKK-ն հայտարարել է, որ լուծարում է իր կազմակերպչական կառուցվածքը և դադարեցնում զինված պայքարը: Այդ որոշումները իրագործելու պարտականությունը դրված է խմբի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վրա:



























