Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 29.8 մլրդ դրամ վճարած հարկերի ծավալով հանդիսանում է 2011 թ. Հայաստանի խոշորագույն հարկատուն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Նշենք, որ կոմբինատը 2.3 անգամ ավելի հարկ է վճարել, քան 2010 թ.: Կոմբինատի ֆինանսական հաջողությանը նպաստում են միջազգային շուկայում պղնձի բարձր գները, թեեւ մոլիբդենի գները, հատկապես երկրորդ կիսամյակում, բարձր համարել չի կարելի: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ռեկորդ է սահմանել նաեւ ուղղակի հարկերի (որից հիմնականը շահութահարկն է) գծով` 15 մլրդ դրամ:

Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղը պատկանում է «Հայռուսգազարդին», որն անցյալ տարի առաջինն էր: Ընկերությունը վճարել է 21.8 մլրդ դրամ, նախորդ տարվա 16.5 մլրդ դրամի համեմատ:

Երրորդ տեղում «Ղ-Տելեկոմն» է` 17.7 մլրդ դրամ ցուցանիշով: 2010 թ. «Ղ-Տելեկոմը» չորրորդ տեղում էր եւ վճարել էր 13.6 մլրդ դրամ, առաջ թողնելով իր հիմնական մրցակիցներից մեկին` «Արմենտելին»: Սակայն «Արմենտելի» մոտ 2011 թ. տեղի է ունեցել վճարված հարկերի ծավալի նվազում, ինչի հետեւանքով ընկերությունը 12.6 մլրդ դրամ ցուցանիշով հայտնվել է 5-րդ տեղում: 2010 թ. «Արմենտելը» վճարել էր 14.8 մլրդ դրամ:

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգը» նախորդ տարվա երկրորդ տեղից ետ է նահանջել չորրորդ տեղ, սակայն հարկերի վճարման նվազում չի արձանագրվել: Այսպես` մի քանի շուկաներում մենաշնորհ ունեցող ընկերությունը 2011 թ. վճարել է  17.7 մլրդ դրամ, նախորդ տարվա 16 մլրդ դրամի համեմատ: Նշենք սակայն, որ սույն ընկերությունը շարունակում է չափազանց քիչ ուղղակի հարկեր վճարել` ընդամենը 890 մլն դրամ: Շահութահարկի ու եկամտահարկի ծավալով «Ալեքս գրիգը» նույնիսկ առաջին քսանյակում չէ:

Բենզինի եւ դիզվառելիքի շուկայի երկու գերիշխող դիրք գրավողները` «Ֆլեշն» ու «Սիթիպետրոլ գրուփը» շարունակում են մնալ խոշոր հարկատուների առաջին տասնյակում, եւ ավանդույթի համաձայն տեղ են զբաղեցրել 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում: 2011 թ. այդ ընկերությունների ցուցանիշը մոտ 10 մլրդ դրամի սահմաններում է, թեեւ «Ֆլեշի» մոտ առկա է վճարած հարկերի ոչ մեծ անկում` 2010 թ. համեմատ:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նույնպես ավանդաբար հանդիսանում է հանրապետության խոշորագույն հարկատուներից մեկը: 2011 թ ընկերությունը վճարել է 9.6 մլրդ դրամ եւ գտնվում է 8-րդ տեղում: 2010 թ. ՀԷՑ-ը վճարել էր 7.7 մլրդ դրամ, սակայն նույնպես 8-րդ տեղում էր:

Առաջին անգամ խոշոր հարկատուների առաջին տասնյակում նշվում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի անունը, որը 6.3 մլրդ դրամ ցուցանիշով 9-րդ հորիզոնականում է: Ամենայն հավանականությամբ այս ընկերությունը «Վիդիս Դիսթրիբյուշնի» իրավահաջորդն է:

Եւ վերջապես խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Արմենիա միջազգային օդանավակայանները»` 5.9 մլրդ դրամ ցուցանիշով: Այս ընկերությունը բավական մեծ առաջընթաց է արձանագրել 2010 թ. համեմատ, երբ 15-րդ տեղում էր: