Առանձնատների գնի հաշվարկման մեթոդաբանությունը հիշեցնում է հին հունական առասպելը պրոկրուստյան մահճի մասին: Բոլոր առանձնատները, մեծ թե փոքր, մեկ ստանդարտով են դիտարկվում. 250քմ շինություն եւ օժանդակ հողատարածք` 400քմ մակերեսով: Այդքան տարբեր տների նման միավորումը թույլ է տալիս ճշգրիտ համեմատել դրանց գները: Այդ պատճառով, ուսումնասիրելով հոդվածում բերված գները, պետք է հաշվի առնել, որ դա ոչ թե կոնկրետ ինչ-որ առանձնատան 1քմ-ի գինն է, այլ վերացական ստանդարտ տան:

Սկզբում նշենք, որ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանն ուներ 408,9 հազարից քիչ  «առանձնատներ», որոնք ժողովուրդն անվանում է  «սեփական» տուն: Խորհրդային ժամանակներում ծնունդ առած նման ձեւակերպումը ծագել է պետական բնակարանների (արդյունքում, ի դեպ, սեփականացրած) հետ հակադրումից: Սակայն առանձնատուն էլ կա, առանձնատուն էլ: Չափազանցություն կլիներ «առանձնատուն» անվանել գյուղական տունը` կառուցված «Քեռի Թոմի խրճիթը» ոճով:

Նույնիսկ մայրաքաղաքում, որտեղ կենսամակարդակը մարզերից բարձր է, զուտ տեսողական առումով ակնհայտ են «առանձնատների» տարբերությունները: Շքեղ պալատից մեկուկես մետր այն կողմ, որին կնախանձեր անգամ Լյուդովիկոս XIV-ը, կարելի է տեսնել  անշուք հյուղակներ հիշեցնող տներ:

Ինչեւէ, Հայաստանում  սեփական տների 12,7%-ը գտնվում է մայրաքաղաքում: Բացարձակ թվերով արտահայտած` Երեւանում կա գրեթե 51,8 հազար միավոր: Համեմատության համար նշենք, որ բնակարանների թիվը 228,7 հազար է:

Բայց մայրաքաղաքի անշարժ գույքի շուկան դինամիկությամբ գերազանցում է հանրապետության ցանկացած մարզի:Այսպես, նախորդ տարի մայրաքաղաքում գնվել-վաճառվել է 1322 առանձնատուն, ինչը 3,9%-ով գերազանցել է նախորդող տարվա ցուցանիշը: Արժեքի դինամիկայի առումով պատկերը հետեւյալն է. Երեւանում առանձնատների 1քմ-ի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատությամբ, նվազել է 6,5 հազար դրամով կամ 2,3%-ով:

Շուկայական միջին արժեքի ամենամեծ անկումը գրանցվել է ծայրամասային էրեբունի (17,1 հազ. դրամի անկում) եւ Դավթաշեն (10,9 հազ. դրամ) վարչական շրջաններում, հետո նոր միայն գնային առումով էլիտար Կենտրոնում (10,0 հազ. դրամ):

Հեռավոր ծայրամաս Նուբարաշենի ցուցանիշը զրոյական է, քանի որ այնտեղ շուկայական  միջին արժեքի փոփոխություն չի արձանագրվել: Համենայն դեպս դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնք էլ տրամադրվել են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

Մայրաքաղաքում առավել բարձր գները, ինչպես եւ սպասելի է, Կենտրոնում են: Այնտեղ առանձնատան 1քմ -ն արժե 460 հազ. դրամ (1200 դոլարին համարժեք): Հիշեցնենք, որ ի տարբերություն բնակարանների գնի` առանձնատան քմ-ում, շինությանը զուգահեռ, համամասնորեն մտնում է նաեւ տնամերձ հողամասի արժեքը:

Հաշվի առնելով այս հանգամանքը` հետաքրքիր պարադոքս ենք տեսնում. Նույն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի 1 քմ-ն արժե 426,4 հազ. դրամ (1113 դոլար): Ստացվում է, որ այդ երկու տեսակի բնակատեղիների գների տարբերությունն այնքան էլ հսկայական չէ, ինչքան որ մեզ թվում է բնակարանների եւ առանձնատների առուվաճառքի գովազդները դիտելիս: Բանն այն է, որ առանձնատները իրենց մակերեսով միշտ էլ (միջինը ավելի քան 2,5 անգամ) գերազանցում են բնակարաններին, ինչի հաշվին էլ ընդհանուր գինը բարձրանում է:

Բնակատեղի առումով երկրորդ ամենաթանկ վարչական շրջանն Արաբկիրն է, որտեղ 1քմ-ի շուկայական միջին արժեքը հասնում է 370,3 հազ. դրամի (966 դոլար): Առաջատարների եռյակը եզրափակում է Քանաքեռ-Զեյթունը` 275,2 հազ. դրամ (718 դոլար):

Այսպես, ստանդարտ առանձնատան շուկայական միջին արժեքը փոքր կենտրոնում 300 հազար դոլար է, իսկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում` համապատասխանաբար 242 եւ 180 հազար դոլար:

Ամենաէժան ստանդարտ առանձնատունը կարելի է գնել Նուբարաշեն վարչական շրջանում` 95 հազար դոլարից էլ ցածր սակագնով: Մայրաքաղաքի առանձին վարչական շրջանների ցուցանիշները տատանվում են 144 հազար դոլարից  (Էրեբունի) մինչեւ 197 հազար դոլար (Նոր Նորք):

 

Ալբերտ Խաչատրյան