Վրաստանի քաղաքներում եւ շրջաններում փետրվարի 3-ի գիշերը արտասովոր սառնամանիքներ են գրանցվել: Թբիլիսիում եւ քաղաքի մերձակա շրջաններում ջերմաչափի սանդղակը իջել է -10-13°C-ի, իսկ լեռնային շրջաններում` -15-20°C-ի:
Վրաստանում այսպիսի սսաստիկ սառնամանիքներ չէին եղել 1998թ.-ից ի վեր, Թբիլիսիից հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Մերկասառույցի եւ տեղացող ձյան պատճառով վերջին օրերին Թբիլիսիում եւ այլ խոշոր քաղաքներում մի քանի անգամ ավելացել է ավտոտրանսպորտային պատահարների եւ հետիոտների վնասվելու դեպքերի թիվը:
Ճանապարհային եւ առողջապահական համապատասխան ծառայություններն աշխատում են ուժեղացված կարգով:
Օդերեւութաբանները եւ իշխանությունները Թբիլիսիի եւ այլ քաղաքների բնակիչներին կոչ են անում հեռու տարածություններ գնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Տեղացող ուժեղ ձյան եւ սառնամանիքների պատճառով մի շարք շրջաններում ավտոմեքենաների երթեւեկության, ինչպես նաեւ երկրի արեւմտյան եւ արեւելյան շրջաններում տասնյակ բնակավայրերի էներգամատակարարման խնդիրներ են ծագել: Վրաստանի 2100 դպրոցներից 157-ում պարապմունքները դադարեցվել են:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ` այսօր` փետրվարի 3-ի ցերեկային եւ երեկոյան ժամերին Վրաստանի շրջանների մեծ մասում մի փոքր տաքացում է սպասվում:




























