Թերթը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները, գրում է, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի անվտանգության պետ Բագրատն օգտագործված անվաղողեր է ներկրում Հայաստան: «Այս լուրը հետաքրքիր է, քանի որ Վրաստան-Հայաստան սահմանին` ՀՀ մաքսակետի մուտքի մոտ` բավականին տեսանելի վայրում, փակցված է նախազգուշացում, որ արգելվում է օգտագործված անվաղողերի ներկրումը Հայաստան, եւ հայտնաբերվելու դեպքում կոչնչացվի: Բայց քանի որ Հովիկ Աբրահամյանը դեռ «իներցիայով» պահպանում է կապերը մաքսային ծառայության ղեկավարների հետ, ուստի նրա թիկնազորի պետին բացառություն են արել ու փաստացի մենաշնորհ տվել: Այս տեղեկության առնչությամբ զրուցեցինք Բագրատի հետ, որը հրաժարվեց իր ազգանունն ասելուց` նշելով, որ բոլորն իրեն Բագրատ գիտեն: «Նման բան չկա, ես իմ գործունեությունը գիտեմ` որտեղ եմ ծավալում: Ես անվտանգության աշխատակից եմ չէ, ես կողքից ուրիշ գործով չեմ զբաղվում»,-ասաց Աբրահամյանի անվտանգության ղեկավարը: Մինչդեռ մեր աղբյուրները վկայում են, որ Բագրատն Արտաշատում անվաղողերի սպասարկման կետ ունի (վուլկանիզացիա) »,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























