Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը շաբաթ օրը ներկայացրել է  վերականգնման պլանները եւ  փոխհատուցման վճարների չափը երկրի հարավային մասում, որտեղ ուժեղ հեղեղումների հետեւանքով զոհվել է առնվազն 162 մարդ, տեղեկացրել է Associated Press-ը։

Ավելի քան 1,4 մլն տնային տնտեսություն եւ 3,8 մլն մարդ տուժել են հեղեղումներից, որոնք առաջացել են հորդ անձրեւների պատճառով 12 հարավային նահանգներում, շաբաթ օրը տեղեկացրել է Տարերային աղետների կանխման եւ դրանց հետեւանքների մեղմման նախարարությունը։

Կառավարության ներկայացուցիչ Սիրիպոնգ Անգկասակուլկիատը Բանգկոկի մամուլի ասուլիսում հայտնել է, որ հաստատվել են մահվան 162 դեպքերը ութ նահանգներում, մասնավորապես, Սոնգկհլա նահանգում, որտեղ գրանցվել է առնվազն 126 մահ։ Հեղեղման մասշտաբները եւ զոհերի մեծ թիվը քննադատության ալիք է բարձրացրել կառավարության հասցեին։

Անուտինը շաբաթ օրը լրագրողներին հայտնել է, որ ընդունում է, որ կառավարության ջանքերը հեղեղումների դեմ պայքարում բավականաչափ արդյունավետ չեն եղել, եւ ասել է, որ երբ այցելել է տուժած շրջաններ, ներողություն է խնդրել մարդկանցից այն բանի համար, որ «կառավարությունը չի կարողացել հոգալ նրանց մասին եւ պաշտպանել նրանց»։

Թաիլանդի վարչապետն ասել է, որ կառավարությունը հաջորդ շաբաթ կսկսի փոխհատուցում տրամադրել հեղեղումներից տուժածներին։

Նա նաեւ հայտնել է օգնության լրացուցիչ միջոցառումների մասին, այդ թվում՝ պարտքերի վճարումների դադարեցման եւ բիզնեսների ու տների վերանորոգման համար կարճաժամկետ անտոկոս վարկերի տրամադրման մասին։

Աղետների կանխարգելման եւ մեղմման դեպարտամենտը հայտնել է, որ ջրի մակարդակը սկսել է իջնել տուժած բոլոր նահանգներում շաբաթ առավոտյան։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են բնակիչները վերադառնում իրենց վնասված տները՝ վնասը գնահատելու համար։

Փրկարարական աշխատանքներին զուգընթաց՝ հայտնաբերվում են ավելի շատ դիակներ։ Կառավարության ներկայացուցիչ Սիրիպոնգը հայտնել է, որ Մահա Վաջիրալոնգկորն թագավորը 100 միլիոն բատ (3.11 միլիոն դոլար) կնվիրաբերի Հաթյայի հիվանդանոցին, որը լրջորեն վնասվել է հեղեղման հետեւանքով, եւ որ թագավորը աջակցություն կցուցաբերի հեղեղման հետեւանքով զոհվածների հուղարկավորության արարողությունների համար։