Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան ԱՄՆ-ին մեղադրել է Կարիբյան ավազանում էլեկտրամագնիսական խանգարումներ ստեղծելու մեջ, «հատկապես Վենեսուելայի օդային տարածքում»։

«Մենք դատապարտում ենք մշտական էլեկտրամագնիսական խանգարումները Կարիբյան ավազանում, հատկապես Վենեսուելայի օդային տարածքում՝ կապված տարածաշրջանում Միացյալ Նահանգների հարձակողական եւ արտակարգ ռազմական ծավալման հետ։ Դա ռազմական ագրեսիայի եւ հոգեբանական պատերազմի թեժացման տարր է Վենեսուելայի տարածքի դեմ՝ ուղղված Ամերիկայի մեզ համար եղբայրական այդ երկրի օրինական կառավարության բռնի տապալմանը»,- գրել է նա Х սոցցանցում։

Թրամփի վարչակազմը ուժեղացնում է ճնշումը Վենեսուելայի վրա՝ խոշոր ռազմական ուժեր տեղակայելով Կարիբյան ավազանում, ներառյալ աշխարհում ամենամեծ ավիակիրը։ Վաշինգտոնը հայտարարում է, որ նպատակը թմրանյութերի անօրինական շրջանառության կասեցումն է, բայց Կարակասը պնդում է, որ վերջնանպատակը ռեժիմի փոփոխությունն  է։

Սեպտեմբերի սկզբից ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել ավելի քան 20 վենեսուելական նավերի, որոնք իբր զբաղվում են թմրանյութերի մաքսանենգությամբ Կարիբյան ծովում եւ Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։