Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում նախկին դեսպան Օկսանա Մարկարովային նշանակել է Ուկրաինայի վերականգնման և ներդրումների հարցերով խորհրդական, հայտնում է РБК-Украина-ն։

«Այսօրվանից Օկսանա Մարկարովան կշարունակի օգնել մեր պետությանը՝ որպես իմ խորհրդական Ուկրաինայի վերականգնման և ներդրումների հարցերով։ Մենք անպայման կպաշտպանենք մեր անկախությունը և Ուկրաինայի իրավունքը՝ լինել ինքնիշխան եվրոպական պետություն», – հայտարարել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ ուրախ է, որ Մարկարովան մնում է իր թիմում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը նշել է, որ Մարկարովան մեծ փորձ ունի հանրային ֆինանսների և մասնավոր կապիտալի կառավարման, ինչպես նաև ներդրումների ներգրավման ոլորտում։

Ֆինանսների նախարարությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ընթացքում նա ստեղծել է UkraineInvest պետական գործակալությունը և Ստարտափների աջակցության հիմնադրամը։

Խորհրդականը նախագահին կխորհրդակցի այն հարցերում, որոնք առնչվում են բիզնես միջավայրի բարելավմանը, պետության ֆինանսական կայունության ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը և վերականգնման պլանավորմանը՝ Ուկրաինայի ռազմավարական գործընկերների հետ։

2021-2025 թվականներին Օկսանա Մարկարովան եղել է Ուկրաինայի դեսպանը ԱՄՆ-ում։ 2018-2020 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։

Զելենսկին այս տարվա հուլիսին նրան ազատել էր ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնից։ Միևնույն ժամանակ նա առաջարկել էր Մարկարովային մնալ իր թիմում։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Մարկարովայի ազատումը բացատրել էր՝ նշելով, որ յուրաքանչյուր դիվանագետ «ռոտացիոն ցիկլ» ունի։