Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզին եւ տիկին Քեթրին Ջեյն Լիչին եւ քննարկել հայ-բրիտանական հարաբերությունները:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպաններին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: «Ձեր աշխատանքից շատ բան է կախված: Առաջին հերթին կարեւոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտոթյունը տարածաշրջանում ապահովի բալանսավորված մոտեցում: Մենք նավթ չունենք, սակայն ունենք այլ ռեսուրսներ՝ ավելի թանկ եւ կարեւոր: Առաջին հերթին դա մարդկային կապիտալն է, որի վրա էլ շեշտարդրում ենք անում: Այդ պատճառով էլ տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնային ուղղություններից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ Հայաստանում պետք է գտնվեն տնտեսական հետաքրքրություններ Մեծ Բրիտանիայի ներդրողների համար, որը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացման աշխատանքներին:
Իր հերթին, տիկին Քեթրին Ջեյն Լիչին համոզմունք է հայտնել, որ իրենց՝ երկու դեսպաններով աշխատանքն առաջիկայում նոր եւ էներգիայով լի փուլ կտեղափոխի հայ-բրիտանական հարաբերությունները: Դեսպանները նշել են, որ բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ, մասնավորապես, հանքարդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարբեր բնագավառներում Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, երկկողմ միջմշակութային եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի:



























