Կահիրեում եւ Սուեզում գիշերային բախումների հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, մահացել է 3 մարդ, եւս 1690-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը:

Տեղական ժամանակով 8.30-ի  դրությամբ (10.30` երեւանյան ժամանակով), Սուեց քաղաքում մահացել է 2 մարդ, իսկ Կահիրեում` մեկ մարդ: 

Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 3-ի առավոտյան համեմատաբար խաղաղ է: Այնտեղ հավաքվել են «Ալ Ահլի» ֆուտբոլային թիմի հարյուրավոր երկրպագուներ, որպեսզի իրենց զայրույթն արտահայտեն եգիպտական իշխանությունների անգործությանը, որոնք էլ թույլ էին տվել ֆուտբոլային երկրպագուների զանգվածային բախումը, որի ընթացքում զոհվել էր 70 մարդ: 

Այդ նույն ժամանակ շարունակվում են ՆԳՆ-ի մոտ ցուցարարների եւ ոստիկանների բախումները: Բողոքարարները ոստիկանների վրա քարեր եւ դատարկ ապակե շշեր են շպրտում: Անվտանգության ուժերն էլ պատասխանում են արցունքաբեր գազով:

Սուեզում տեղական ոստիկանության վարչության շենքի դիմաց 3 հազար մարդ է հավաքվել, երբ հայտնի է դարձել Պորտ-Սայիդ քաղաքում կատարվածը, եւ պարզվել է, որ այնտեղ մահացել է իրենց քաղաքից մեկ մարդ: Սկսվել են ոստիկանության հետ բախումներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Պորտ-Սայիդի ողբերգությունը տեղի էր ունեցել փետրվարի 1-ին Կահիրեի «Ալ Ահլի» հավաքականի եւ տեղական «Ալ Մասիր» թիմերի խաղի ժամանակ: Զոհվել էր 74 մարդ եւ տուժել ավելի քան 300 մարդ: 
Պորտ Սաիդում կատարվածից հետո հազարավոր ցուցարարներ են հավաքվել մայրաքաղաք Կահիրեում` ՆԳՆ-ի շենքի դիմաց` այդպիսով արտահայտելով իրենց դժգոհությունը ոստիկանության աշխատանքից: Ցուցարարները պահանջել են զինվորականների անմիջապես հեռանալը  եւ ՆԳՆ-ի նախարարի դեմ դատավարություն սկսելը, որին համարում են Պորտ-Սայիդի ողբերգության մեղավոր: