Բնական հյութերի գովազդում նշվող տվյալների եւ դրանք հյութի  բաղադրության հետ համապատասխանության առթիվ հարուցված վարույթը դեռ ընթացքի մեջ է: Այդ մասին այսօր` փետրվարի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով` վարույթը վերաբերում է ներմուծված հյութերին, ուստի ներմուծողները ժամանակ են խնդրել` այլ երկրում գտնվող արտադրողներից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար:

Իր հերթին` ՏՄՊՊՀ-ն նույնպես հարցումներ է ուղարկել օտարերկրյա ընկերություններին: Ա. Շաբոյանի խոսքով` ՏՄՊՊՀ-ի որոշումներն ազդում են տնտեսվարողների իմիջի վրա, ուստի վերջնական եզրակացություններ անելու համար իրենք պետք է 100 տոկոսանոց ապացույցներ ունենան:

Այնուամենայնիվ` Ա. Շաբոյանը հայտարարեց, որբ հիմքեր չի տեսնում հայաստանյան առաջատար լաբորատորիաների հետազոտության արդյունքները կասկածի տակ առնելու համար: