Հայաստանի իրավապահ մարմիններն ու դատարանները ձգտում են այլընտրանքային պատիժներ սահմանել անչափահասների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը փետրվարի 3-ին կայացած ասուլիսում:

Նրա խոսքով, քրեակատարողական հիմնարկներում են հայտնվում հանցագործություններ կատարած դեռահասների փոքր մասը:

Դրանք ծանր հանցագործություններ կատարածներն են: Այդ կապակցությամբ ոստիկանության գնդապետը նշել է, թե 2010թ. գրանցվել է սպանության 3 դեպք, իսկ 2011-ին նման դեպքեր չեն եղել: Նելլի Դուրյանի խոսքով, այլընտրանքային պատիժը նախատեսում է պայմանական ազատում, բայց պատանին մնում է հաշվառման մեջ եւ հսկողության տակ, լուծվում է նրա զբաղվածության խնդիրը: Աղջիկների թիվը շատ փոքր է:

Ինչ վերաբերում է անտուն երեխաներին, իսկապես տուն չունեցողների թիվը մեծ չէ: Այլ հարց է, որ որոշները փախել են տանից, կամ էլ ինչ-որ պատճառով հայտնվել են փողոցում: Ոստիկանությունը զբաղվ ւմ է նման դեռահասներով, եւ անհրաժեշտության դեպքում հանձնում է մանկական հաստատություններ:

2011թ. Հայաստանում անչափահասների նկատմամբ բռնության 169 դեպք է գրանցվել: 2010-ին նման դեպքեր եղել են 149-ը:
Անչափահասների մասնակցությամբ 2011-ին գրանցվել է 527, 2010-ին` 509 հանցագործություն: