Լոռիի մարզի Ջիլիզա համայնքը, որը սահմանամերձ է Վրաստանի հայկական գյուղերին, բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն համայնքի առաջնահերթ խնդիրն, ըստ Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանի, շարունակում է մնալ սահմանային անցակետի բացման հարցը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանն ասաց. «Այսօր մեզ համար առաջնայինը սահմանային անցակետի բացման հարցն է, քանի որ Վրաստանի հայկական գյուղերում ունենք բարեկամներ, ծանոթներ, որոնց տեսնելու համար եթե սահմանը բացվի, 2կմ ճանապարհ կանցնենք, բայց հիմա 100 կմ ենք գնում»:
Մհեր Վարդանյանի փոխանցմամբ, իրենք այս խնդիրը բազմիցս բարձրացրել են. «Որքան գիտեմ, բանակցություններ են տարվում վրացական կողմի հետ սահմանային անցակետը բացելու ուղղությամբ»: Գյուղապետն ասում է, որ անցակետի բացման ժամանակ լուրջ տեղաշարժեր կլինեն նաեւ համայնքի սոցիալ-տնտեսական կյանքում:
Գյուղը մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մարզում միակ հարեւան քաղաքը Ալավերդին է, որը Ջիլիզայից գտնվում է 30 կմ հեռավորության վրա: Բնակչության թվով եւս Ջիլիզան աչքի չի ընկնում. ընդամենը 130 մարդ:
«Գյուղը կարելի է ասել ծերացող է, քանի որ տարեկան գյուղում 6-7 մահ ենք գրանցում, իսկ երիտասարդներն էլ թողնում քաղաք են գնում, քանի որ իրենց համար գյուղում պայմաններ ստեղծված չեն»,-NEWS.am-ի թղթակցին ասաց գյուղապետը, հավելելով, որ գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու եգիպտացորեն ցանելով: Ջիլիզա համայնքը գազաֆիկացված չէ, իսկ էլեկտրաէներգիա դեռեւս խորհրդային տարիներից ստացել են հարեւան Վրաստանից: «Այն ժամանակ ամիսներով լույս չէինք ունենում, հոսանքի խնդիրը շատ լուրջ էր, 2 տարի է, ինչ գյուղը հայկական հոսանքից է օգտվում»: Բնակարանները ջեռուցվում են վառելափայտով, վերջինս գյուղացիները ձեռք են բերում մեկ խմ թափուկի համար վճարելով 1200 դրամ:
Ջիլիզա համայնքում մինչ օրս լուծված չէ նաեւ խմելու ջրի ու ճանապարհների հարցը, իսկ գյուղը մանկապարտեզ չունի, քանի որ ինչպես գյուղապետն ասաց, «մանկապարտեզի տարիքի երեխաներ չկան»:




























