Աֆղանստանում առայժմ չպարզված հանգամանքներում ամերիկացի բարձրաստիճան զինվորական է մահացել` բրիգադային գեներալ Թերենս Հիլդները, ով ԱՄՆ բանակի տեխնիկական աջակցության եւ նախապատրաստության 13-րդ առաքման կորպուսի հրամանատարն էր: Այդ մասին հայտարարել են ամերիկյան զինվորական հրամանատարության ներկայացուցիչները:
49-ամյա Հիլդները մասնակցել է ԱՄՆ բանակի ռազմական գործողությունների Քուվեյթում եւ Իրաքում, Աֆղանստան է մեկնել 2011թ. դեկտեմբերին Fort Hood ռազմաբազայից: Նրան գտել են իր սենյակում անգիտակից վիճակում եւ այդպես էլ չեն կարողացել գիտակցության բերել:
Հրամանատարության տվյալներով`սա Աֆղանստանում ամերիկացի առաջին բարձրաստիճան զինվորականի մահվան դեպքն է 2001-ից, երբ ԱՄՆ բանակն սկսեց իր օպերացիան:
Նախնական վարկածով, գեներալի մահը բնական պատճառով է վրա հասել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























