ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN հեռուստաալիքի ղեկավարությանը համարում է «անխիղճ» և պնդում, որ հեռուստաալիքը ղեկավարող ընկերությունը պետք է վաճառվի Warner Bros. Discovery մեդիա-կոնցեռնի ապագա գործարքի շրջանակներում։

«Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր ղեկավարել են CNN-ը վերջին տարիներին, անամոթ են։ Կարծում եմ, CNN-ի վաճառքը չափազանց անհրաժեշտ է, քանի որ դուք, անշուշտ, չէիք ցանկանա, որ այդ մարդիկ ի վերջո լավ գումար ստանան և հետո CNN-ը կարողանար էլ ավելի շատ գումար ծախսել՝ թույն տարածելու վրա, քանի որ դա ամբողջությամբ կեղծիք է, դա խայտառակություն է», - ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրուցելիս։

Նա հավելել է, որ իր կարծիքով, CNN-ի ներկայիս ղեկավարությունը «կոռումպացված է կամ անգործունակ», այն «CNN-ին հասցրել է կործանման», քանի որ «շատ քիչ մարդիկ» են դիտում հեռուստաալիքը։ «Կարծում եմ, ցանկացած գործարք պետք է երաշխավորի, որ CNN-ը կլինի այդ գործարքի մի մասը, կամ կվաճառվի առանձին։ Բայց ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր ղեկավարում են CNN-ը, իսկ դա շատ անամոթ մարդկանց խումբ է, պետք է հնարավորություն ունենան ղեկավարել այն», - հավելել է Թրամփը։

CNN-ը մտնում է Warner Bros. Discovery կոնցեռնի մեջ, որը դեկտեմբերի սկզբին բանակցություններ է սկսել Netflix սթրիմինգային ծառայության հետ՝ բիզնեսի մի մասը, նախևառաջ կինոստուդիաները և HBO Max հարթակը վաճառելու շուրջ։ CNN, TBS և TNT կաբելային հեռուստաալիքները գործարքի մաս չեն լինի, դրանք կառանձնացվեն առանձին ընկերությունում։ CNN-ը համարվում է դեմոկրատներին մոտ լիբերալ ալիք, նրա հաղորդավարները հաճախ քննադատում են Թրամփին և հանրապետականներին։

Ընդ որում, Warner Bros. Discovery-ի ակտիվները գնելուն հավակնել է նաև Paramount Skydance մեդիա-կոնգլոմերատը, որը դեռևս հույս ունի գնել իր մրցակցին՝ հեռացնելով Netflix-ին։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Թրամփը մտերիմ հարաբերություններ ունի Paramount Skydance-ի սեփականատերերից մեկի՝ Լարի Էլիսոնի հետ։ Թրամփի վարչակազմում ակնկալում են, որ Paramount Skydance-ի և Warner Bros. Discovery-ի միաձուլման դեպքում Էլիսոնը կադրային փոփոխություններ կկատարի CNN-ում։