Աջակողմյան պահպանողական Հանրապետական կուսակցության առաջնորդ Խոսե Անտոնիո Կաստը կիրակի օրը Չիլիի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ է տարել՝ հաղթելով Կոմունիստական կուսակցության թեկնածու Ժանետ Խարային, որը ներկայացրել է իշխող կոալիցիան, հաղորդում է Le Monde-ը։
Հաշվարկված ձայների 95%-ից Կաստը ստացել է ավելի քան 58%, իսկ նրա մրցակիցը՝ 41%:
Կաստայի քարոզարշավի խոսնակ Արտուրո Սկուելլան հաղթանակի մասին հայտարարել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում գտնվող կուսակցության շտաբ-բնակարանից։
«Մենք շատ հպարտ ենք մեր կատարած աշխատանքով։ Մենք պատասխանատվության զգացում ունենք Չիլիի ապրած ճգնաժամի հաղթահարման հսկայական մարտահրավերի համար», - ասել է նա լրագրողներին։
Հարան ընդունել է իր պարտությունը՝ սոցցանցում գրելով, որ զանգահարել է Կաստին՝ նրան հաջող քարոզարշավի կապակցությամբ շնորհավորելու համար։
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Կաստին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Մենք վստահ ենք, որ նրա ղեկավարությամամբ Չիլին առաջ կմղի ընդհանուր առաջնահերթությունները, ներառյալ հասարակական անվտանգության ամրապնդումը, ապօրինի ներգաղթի դադարեցումը և մեր առևտրային հարաբերությունների աշխուժացումը։ Միացյալ Նահանգները հույս ունի սերտորեն համագործակցել նրա վարչակազմի հետ՝ մեր գործընկերության խորացման և մեր կիսագնդում ընդհանուր բարգավաճմանն աջակցելու համար», – ասվում է Պետքարտուղարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Չիլիի գործող նախագահ Գաբրիել Բորիկի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականի մարտին։
Քարոզարշավի ընթացքում Կաստը խոստացել է «արմատախիլ անել կազմակերպված հանցավորությունը, փակել սահմանները անօրինական միգրանտների համար և բարեփոխել գերծանրաբեռնված առողջապահական համակարգը»։ Բացի այդ, Կաստը ակտիվորեն հանդես է գալիս ընդդեմ աբորտների, էվթանազիայի, միասեռ ամուսնությունների, ամուսնալուծությունների և ծնելիության վերահսկողության դեմ։
Դիտորդները կարծում են, որ նա կսկսի ավելի սերտ հարաբերություններ կառուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։





























