Մոսկվայի Տվերսկոյ դատարանը Pussy Riot-ը ճանաչեց «ծայրահեղական կազմակերպություն» և արգելել Ռուսաստանում դրա գործունեությունը։

Հայցը ներկայացրել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։ Գործը քննվել է դռնփակ կերպով։

2025 թվականի սեպտեմբերին Մոսկվայի Բասմանյան դատարանը Pussy Riot խմբի հինգ անդամներին հեռակա կարգով 8-ից մինչև 13 տարվա ազատազրկման է դատապարտել՝ ՌԴ բանակի մասին «ֆեյքեր» տարածելու մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի «բ» և «դ» կետեր)։ Մարիա Ալյոխինային հեռակա կարգով 13 տարվա ազատազրկում է նշանակվել, Տասո Պլետներին՝ 11 տարի, իսկ Օլգա Բորիսովային, Դիանա Բուրկոտին և Ալինա Պետրովային՝ ութ տարի ժամկետով։

Pussy Riot-ի նկատմամբ քրեական հետապնդման հիմք են հանդիսացել «Мама, не смотри телевизор» («Մամա, մի՛ նայիր հեռուստացույց») հակապատերազմական տեսահոլովակը և 2024 թվականի ապրիլի 18-ին Մյունխենի «Ժամանակակից պինակոտեկ» գեղարվեստի թանգարանում տեղի ունեցած կատարումը։ Ակցիայի ժամանակ Pussy Riot-ի անդամները վանկարկել են կարգախոսներ՝ քննադատելով Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա և Վլադիմիր Պուտինին անվանել են ռազմական հանցագործ։ Ակցիայի ընթացքում խմբի անդամներից մեկը միզել է Վլադիմիր Պուտինի դիմանկարի վրա։