Վերաքննիչ քրեական դատարանում ներկաները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դիմավորեցին ծափահարություններով։
«Լա՞վ եք։ Ի՞նչ կա-չկա»,-դիմելով առաջիկա շարքերում նստածներին՝ հարցրեց Սրբազանը։
«Առողջությունն ինչպե՞ս է»,-հարցրին Սրբազանին։ «Հոյակապ, լավ եմ»,-արձագանքեց նա։
Դատարանի դահլիճում լսելի են «Սրբազան, սրբազան» վանկարկումները։
Նախագահող դատավոր Է. Մանասյանն ասաց, որ դատախազները չեն ներկայացել դատարան, նրանք ասել են, որ դատական նիստի օրվա ու ժամի մասին ծանուցագիր չեն ստացել։
Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց՝ նման պայմաններում նիստը չի կարելի շարունակել, նաև խնդրեց, հաջորդ նիստին ավելի մեծ դահլիճ տրամադրել, քանի որ նիստին ներկա լինելու ցանկություն ունեն շատերը։
Այս գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 15.00–ին։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Աջապահյանի անմեղությունը։
Միքայել Սրբազանին վաղը կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ՝ բուժման նպատակով։





























