Ուկրաինական պաշտպանական ստարտափը 100 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել Գերմանիայում անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ։ Առաջիկա տարում Կիևը ծրագրում է ևս տասնյակ նմանատիպ համաձայնագրեր կնքել՝ արտադրությունը զգալիորեն մեծացնելու, արևմտյան դաշնակիցներին սեփական արտադրանքի վաճառքը սկսելու և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար։
Ինչպես հայտնում է Financial Times-ը, ուկրաինական կողմից համատեղ ձեռնարկությունը կստանա մտավոր սեփականություն և մարտական փորձ, իսկ գերմանական կողմից՝ ավտոմատացված արտադրության հնարավորություններ, մատակարարման եվրոպական շղթաներ, կապեր Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) և եվրոպական այլ երկրների զինված ուժերի հետ։ 40 միլիոն եվրո արժողությամբ գործարանում 2026 թվականին նախատեսվում է 10 հազար անօդաչու թռչող սարք արտադրել, որոնք կուղարկվեն Ուկրաինա։ Դրանից հետո ընկերությունները իրավունք կստանան սարքերն արտահանել այլ երկրներ։
Ըստ Quantum ընկերության ներկայացուցիչ Մաթիաս Լենայի, ով կգլխավորի համատեղ ձեռնարկությունը, ընկերությունն արդեն բանակցություններ է վարում Բունդեսվերի հետ՝ վերջինիս նոր անօդաչու թռչող սարքեր մատակարարելու շուրջ։ Ուկրաինայի նախագահի ռազմավարական հարցերով արտահաստիքային խորհրդական Ալեքսանդր Կամիշինը Financial Times-ին հայտնել է, որ այս ձեռնարկությունը պետք է դառնա նմանատիպ 10 նախագծերից առաջինը, որոնք նախատեսվում է իրականացնել Եվրոպայում հաջորդ տարվա ընթացքում։
Ուկրաինան ձգտում է զենքի արտադրություն հիմնել Եվրոպայում՝ ձեռնարկությունները ռուսական հարձակումներից պաշտպանելու և սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար արևմտյան միջոցներ ներգրավելու նպատակով։ Անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրող Fire Point-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Դանիայում գործարան բացելու վերաբերյալ։ MITS Capital ներդրումային հիմնադրամը, որն արևմտյան միջոցներ է ներգրավում ուկրաինական ռազմական տեխնոլոգիաների մեջ, բանակցություններ է վարում այնտեղ համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ՝ ևս երեք ուկրաինական ընկերությունների մասնակցությամբ. դրանք են՝ վերգետնյա դրոնների արտադրող Tencore-ը, ռադիոհետախուզությամբ զբաղվող «Ինֆոզաշչիտան» և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) սարքավորումների արտադրող Unwave-ը։
Frontline և Quantum Systems նախագիծը կֆինանսավորի Գերմանիայի կառավարությունը՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աջակցության ծրագրի շրջանակներում՝ նրա արևմտյան դաշնակիցների միջոցների հաշվին։ Գերմանական գործարանում արտադրվելու է «Լինզա» տեսակի սարքը. այն փոքր, բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք է, որն ուկրաինական զորքերն օգտագործում են ինչպես առաջնագիծ բեռներ հասցնելու, այնպես էլ ռուսական թիրախների վրա ռումբեր նետելու համար։ Ուկրաինայում Frontline-ն ամսական արտադրում է մի քանի հարյուր դրոն, սակայն ծրագրում է հիմնել զանգվածային արտադրություն՝ չինական անօդաչուներն ու բաղադրիչները փոխարինելու համար, որոնք առայժմ հանդիսանում են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու ստորաբաժանումների հիմքը։





























