Սիրիայի պաշտոնական դիրքորոշումն արտացոլող պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկություն է հրապարակել, որտեղ գնահատական է տրվում Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի արեւմտյան նախագծի վրա վետո դնելու քայլի շուրջ, որը փաստացի պաշտպանում էր Թուրքիայում ապաստան գտած ընդդիմադիրներին:
Գործակալությունը բնական քայլ է համարում Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից կրկնակի վետոյի կիրառումը եւ անվանում է դա Սիրիայի հարցով բանաձեւի տապալում, որը ենթադրում էր կոպիտ միջամտություն նրա ներքին գործերին եւ անկախության եւ սուվերենիտետի սկզբունքների խախտում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների պարտություն, որը «վերականգնեց ուժերի հավասարակշռությունը Խորհրդում եւ վերջ տվեց ամերիկա-եվրոպական տասնամյա լպիրշությանը»:
«Եվրոպական եւ արաբական ուժերը օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար` նպատակ ունենալով փոխել նրա դիրքորոշումը Սիրիայի հարցում: Ռուսաստանի եւ Չինաստանի կրկնակի վետոն նոր փուլ խորհրդանշեց միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այժմ միջազգային իրավունքը պաշտպանված կլինի աշխարհում իրենց հետաքրքրություններն կամայականորեն իրականացնել փորձող ամերիկա-եվրոպական փորձերից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի`Մարոկոյի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հիասթափված են, կուլ են տալիս արցունքները, նրանք ձախողվել են սիրացի ժողովրդին «օգնելու» իրենց փորձերի մեջ:
Ռուսաստանի եւ Չինաստանի կրկնակի վետոն Սիրիան ընդունել է մեծ երախտագիտությամբ, քանի որ դրա շնորհիվ չհաստատվեց ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկության դրած արաբա-եվրոպական համատեղ բանաձեւը, որը ազգային սուվերենիտետի եւ Սիրիայի արաբական հանրապետության անկախության խախտում էր հանդիսանում»,-ասված է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության հայտարարության մեջ:




























