Ռուսաստանի նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինը հերթական նախընտրական «Ժողովրդավարությունը եւ պետության որակը» վերտառությամբ հոդվածում (այն հրապարակել է «Կոմերսանտ»-ը), առաջարկում է խորհրդարանում կարգ մտցնել, ըստ որի պետք է պարտադիր քննարկել այն հասարակական նախաձեռնությունները, որոնք ինտերնետում հավաքում են նվազագույնը 100 հազար ստորագրություն: Հոդվածում հեղինակը առաջ է քաշում «կոռուպցիոն առումով վտանգավոր պաշտոնների» գաղափարը:
«Մենք պետք է ընդունակ լինենք արձագանքել հասարակության հարցադրումներին, որոնք գնալով ավելի են բարդանում, իսկ «տեղեկատվական դարաշրջանի» պայմաններում ձեռք են բերում որակապես նոր գծեր: Ռուսաստանի քաղաքացիների մի հսկակայան զանգված սովոր է վայրկենապես տեղեկատվություն ստանալ, «կոճակ սեղմելով»: Այդ կապակցությամբ առաջարկում եմ ներմուծել խորհրդարանում այն հասարակական նախաձեռնությունների քննարկում, որոնք ինտերնետում հավաքում են 100 հազար եւ ավելի ստորագրություններ»,-գրում է վարչապետը:
Պուտինը նշում է, որ «այսօր հասարակությունը լիովին տարբերվում է 2000-ականների սկզբի հասարակությունից», եւ հավելում, որ իշխանությունները գիտակցում են դա: Այդուհանդերձ, Պուտինը պնդում է, որ ժողովրդի ձգտումը փոփոխությունների, «իշխանությունների առջեւ դրած պահանջների փոփոխությունը» դա «մեր ջանքների արդյունք է»: «Մենք աշխատանքներ էինք տանում այդ ուղղությամբ...: Եւ դա թույլ է տվել մեզ դուրս բերել երկիրը ցնցումներից: Վերակենդանացնել պետությունը»,-նշում է Պուտինը:
Պուտինը անդրադառնում է նաեւ կոռուպցիայի խնդրին: Նա առաջարկում է առանձնացնել կոռուպցիոն վտանգավոր պաշտոնները, ինչպես գործադիր ապարատում, այնպես էլ պետական կորպորացիաների մենեջմենթում: Այդ պաշտոնները զբաղեցնող պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց համաձայնի բացարձակ թափանցիկության վիճակին, այդ թվում պետք է հայտնի լինեն նրա ընտանիքի ծախսերն ու խոշոր ձեռքբերումները: «Դիտարկման դնել նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են փաստացի բնակության վայրը, հանգստի վճարման աղբյուրները եւ այլն: Այստեղ օգտակար է դիտարկել Եվրոպական երկրների հակակոռուպցիոն փորձը»,-գրում է վարչապետը:
«Ъ»-ում հրապարակված վարչապետի հոդվածը արդեն չորրորդն էր վերջին երեք շաբաթվա ընթացքում: «Իզվեստիայի» առաջին հրապարակումներում Պուտինը հայտարարել է, որ հենց ինքն է «դուրս բերել երկիրը փակուղուց»: Այնտեղ վարչապետը հայտնել է, որ չի պատրաստվում իշխանությունը զիջել ընդդիմությանը: Դրանից հետո նա հրապարակել է երկրորդ հոդվածը «Նիզավիսիմայա գազետա»-ում, որը նվիրված է ազգային հարցին:
«Մեր տնտեսական խնդիրները» վերտառությամբ երրորդ հոդվածը հրատարակվել է «Վեդոմոստի» թերթում:




























