Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Պոկլոննայա լեռան մոտ տեղի ունեցած ցույցի մասնակիցների մեծ թիվը երաշխիք է, որ Պուտինը հաղթանակ կտանի նախագահական ընտրությունների դեռեւս առաջին փուլում:
«Իհարկե, առաջին փուլում: Համենայն դեպս, այն համոզիչ աջակցությունը, որ մենք տեսանք Պոկլոննայա լեռան մոտ, ինչպես նաեւ սոցիոլոգների չոր թվերը համոզիչ վկայում են առաջին փուլում հաղթանակի մասին», - հայտարարել է Պեսկովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Մոսկվայում երկու զանգվածային հանրահավաքներ են տեղի ունեցել: Մոսկվայի ՆԳՆ-ի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Պոկլոննայա լեռան մոտ, որտեղ տեղի է ունեցել վարչապետի աջակցության ակցիան, եկել են Պուտինի շուրջ 140 հազար համախոհներ: Իսկ Բոլոտնայա հրապարակի «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքում 4 անգամ ավելի քիչ մարդ է եղել: Կազմակերպիչները, սակայն, մասնակիցների թիվը գնահատել են շուրջ 100-120 հազար:
Պուտինի աջակցության հանրահավաքում ելույթ ունեցողները ստիպված են եղել ապացուցելու, որ բյուջետային աշխատողներին պարտադրաբար չեն բերել այդ հանրահավաքին: Ինքը Պեսկովը ժխտել է պետական աշխատողների ռեսուրսին կամ գումարային միջոցներին դիմելու մեղադրանքները` մարդկանց հանրահավաքին ներգրավելու համար: «Չի կարելի մարդուն ստիպել հանրահավաքի գնալ: Նրան կարելի է վստահեցնել, կոչ անել: Սակայն եթե նա չի ուզում, նա չի գնա», - ասել է Պեսկովը:
Ըստ Պեսկովի` Պոկլոննայա լեռան մոտ էին եկել այն մարդիկ, ում «զզվեցրել էր իրավիճակն ապակայունացնելու փորձերը», իսկ հանրահավաքն «այնքան էլ Պուտինի համար» չի եղել: Սակայն նա հաստատել է, որ վարչապետը պատրաստ է տուգանք վճարել մասնակիցների թվի գերազանցության համար:
Բացի դրանից, Պեսկովը հայտարարել է, որ որ չի հասկանում «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքի բովանդակությունը: Մասնավորապես, մամլո քարտուղարը «անկեղծ չի հասկանում» «Պուտին, հեռացիր» արտահայտությունը, որն արտաբերում է «բացարձակ փոքրամասնությունը»: Բոլոտնայայում հնչող կոչերի եւ պահանջների շարքում «կառուցողական» քիչ բան կա, նշել է Պեսկովը:




























