Ընտրություններից առաջ Եվրամիության աջակցության վերաբերյալ ՀՀ իշխանություններն իրենց հակառակորդներին մեղադրում են երկրի ներքին գործերին ուրիշներին ներգրավելու փորձերի մեջ, մինչդեռ իրենք հենց դա են անում։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա հավելել է, որ նրանց, ովքեր հույսեր են կապում Եվրոպայի հետ, կարելի է միայն կարեկցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները կանխատեսում է Եվրոպայի քաղաքակրթական կործանումը։

«Նրանք ուզում են Հայաստանը տանել նույն քաղաքակրթական կործանմա՞ն։ Անհրաժեշտ է ձգտել աջակցություն ստանալ հաջողված, այլ ոչ թե ձախողված նախագծից։ Եվրոպան իր փրկությունը տեսնում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու մեջ, որպեսզի կարողանա զինվել, ինչը, սակայն, այնքան էլ չի հաջողվում։

Եվրոպան, ըստ էության, աջակցում է ավտորիտարիզմի գռեհիկ ձևը, որտեղ երկրի ղեկավարը միանձնյա որոշում է, թե ով է բանտ նստելու, իսկ ով՝ ոչ։ Երկրի բոլոր կառույցները սպասարկում են մեկ անհատի քմահաճույքները։ Նման պայմաններում կարող են ի հայտ գալ ուրիշ դեմքեր, որոնք կասեն. «Մենք ինքներս կհաստատենք մեր սեփական կարգուկանոնը, քանի որ կարգուկանոն ու պետություն չկա»»,- ընդգծել է Կիվիրյանը։

Նա նշել է, որ նման դեպքում երկրի ներսում տարբեր խմբավորումների միջև բախումների վտանգ է ծագում։

«Կյանքը ցույց է տվել, որ Եվրոպայի նպատակը Հայաստանում և մյուս երկրներում ժողովրդավարության հաստատումը չէ, այլ արտաքին քաղաքականության հարցերի լուծումը, որը կապված է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ցանկության հետ։ Ավելին, Եվրոպան ցանկանում է օգտագործել տարածաշրջանային երկրներին Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում։ Հենց դա են նրանք անում Ուկրաինայում»,- եզրափակել է վերլուծաբանը