Ֆրանսիայի իրավապահ մարմիններն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խուզարկություններ են անցկացրել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Սվյատոսլավ Պիսկունի տանը, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցների՝ խուզարկությունները կատարվել են Հետաքննությունների պետական բյուրոյի խնդրանքով։
Աղբյուրները պարզաբանել են, որ խուզարկությունների ընթացքում ֆրանսիական կողմը Պիսկունին կալանավորելու հիմքեր է գտել։
Նրանք հավելել են, որ շուտով ավելի շատ մանրամասներ կհրապարակվեն։
Նախկինում ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էին, որ Պիսկունի տունը խուզարկվում է, քանի որ նա կասկածվում է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու մասնակցությամբ կանխամտածված սպանության գործը փակելու համար անօրինական շահ ստանալու մեջ։
Սվյատոսլավ Պիսկունն ուկրաինացի իրավաբան և քաղաքական գործիչ է։ Ծնվել է 1959 թվականի մարտի 8-ին՝ Ժիտոմիրի մարզի Բերդիչև քաղաքում։
Նա երեք անգամ՝ 2002-2003, 2004-2005 և 2007 թվականներին, զբաղեցրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնը։ Պիսկունը նաև հարկային ոստիկանության գեներալ-լեյտենանտ է, առաջին կարգի պետական արդարադատության խորհրդական և Ուկրաինայի խորհրդարանի նախկին անդամ։
Գլխավոր դատախազի պաշտոնում իր կարիերայի ընթացքում Պիսկունը ներգրավված է եղել մի շարք աղմկահարույց գործերում և քաղաքական բախումներում։ Դատարանի միջոցով նա ազատվել և վերականգնվել է պաշտոնում, իսկ 2007 թվականին նրան ազատելու որոշումները հետագայում Կիևի շրջանային վարչական դատարանն անօրինական է ճանաչել։
Գլխավոր դատախազի պաշտոնում ծառայելուց հետո Պիսկունը շարունակել է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ և իրավական ոլորտով։ 2020 թվականին նա նշանակվել է գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի խորհրդական, սակայն շուտով ազատվել է այդ պաշտոնից։





























