Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը չորեքշաբթի Al Arabiya English-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լիբանանի «Հզբոլլահ» շարժման դեմ ուղղված Իսրայելի հարվածները չեն խախտում Լիբանանի ինքնիշխանությունը՝ պնդելով, որ շարժումն է երկրի ինքնիշխանությունը խաթարող կողմը։

Ըստ Սաարի՝ Իսրայելն ունի միայն «աննշան» տարաձայնություններ Լիբանանի հետ, որոնք կարող են հեշտությամբ լուծվել։

Նա հավելել է, որ իրական խնդիրները կապված են «Հզբոլլահի» և Իրանի հետ։

Սաարն ասել է, որ Իսրայելը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղություն հաստատել Լիբանանի հետ։ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը «պետք է վերջ դնի» «Հզբոլլահին»՝ իր անվտանգությունը պաշտպանելու և «Լիբանանն իր ժողովրդին վերադարձնելու» համար։ Դիմելով Սիրիային՝ Սաարը նշել է, որ Իսրայելը ցանկանում է անվտանգության համաձայնագիր կնքել Դամասկոսի հետ և ընդգծել է, որ Իսրայելը տարածքային պահանջներ չունի այդ երկրի նկատմամբ։

Իրանի մասին խոսելով՝ Սաարն ասել է, թե Թեհրանը «միայն Իսրայելի խնդիրը չէ», նշելով, որ Միացյալ Նահանգները միացել է Իսրայելին՝ հունիսին 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հարցում։

Նա Իրանին մեղադրել է միջուկային զենքի մշակման փորձերի մեջ և դա տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգ անվանել։