ԵՄ առաջնորդների Բրյուսելում Ուկրաինայի ռազմական գործողությունների ֆինանսավորման վերաբերյալ կարևորագույն բանակցություններից առաջ՝ ԵՄ առաջնորդների հանդիպումից 24 ժամ առաջ Բելգիան հայտարարել է, որ բանակցությունները ընթանում են հակառակ ուղղությամբ, գրում է Politico-ն։

«Մենք հետ ենք գնում»,- չորեքշաբթի օրը իր գործընկերներին փակ դռների հետևում անցկացված բանակցությունների ժամանակ, ըստ հանդիպմանը ներկա երկու դիվանագետների, հայտարարել է ԵՄ-ում Բելգիայի դեսպան Պիտեր Մուրսը։

Եվրահանձնաժողովը և ԵՄ պաշտոնյաները շտապում են Բելգիային հանգստացնել Ուկրաինայի 210 միլիարդ եվրոյի ֆինանսավորման փաթեթի վերաբերյալ, որը ենթադրում է սառեցված ռուսական պետական ​​ակտիվների օգտագործումն ամբողջ դաշինքում։ Բելգիայի աջակցությունը կարևոր է, քանի որ սառեցված ակտիվների առյուծի բաժինը պահվում է Բրյուսելում գտնվող Euroclear ֆինանսական պահոցում։

Երկրի վարչապետ Բարտ դե Վևերը հրաժարվում է միանալ նախագծին, մինչև ԵՄ մյուս կառավարությունները էական ֆինանսական և իրավական երաշխիքներ չտրամադրեն, որոնք կպաշտպանեն Euroclear-ին և նրա կառավարությանը ռուսական պատասխան հարվածներից՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակով։

Բելգիայի համար ամենազգայուն հարցերից մեկը ֆինանսական երաշխիքների սահմանափակումն է, որը ներկայում կազմում է 210 միլիարդ եվրո: Բելգիայում կարծում են, որ ԵՄ մյուս երկրների կողմից տրամադրվող երաշխիքները պետք է անսահմանափակ լինեն՝ ցանկացած սցենարի դեպքում ապահովելով դրանց պաշտպանությունը: Բանակցությունները, կարծես, ճիշտ ուղղությամբ են շարժվում: Բելգիացիները աջակցել են Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ ուկրաինական փաթեթի վերաբերյալ խնդրել ԵՄ մայրաքաղաքներին հնարավորինս շատ ֆինանսական երաշխիքներ տրամադրել, սակայն Բելգիայի դեսպանը հանդիպման ավարտին «ռումբ է պայթեցրել»:

Բելգիայի մշտական ​​​​ներկայացուցչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Բելգիայի մեկ այլ կարևոր պահանջն այն է, որ ԵՄ բոլոր երկրները դադարեցնեն Ռուսաստանի հետ կնքված երկկողմ ներդրումային համաձայնագրերը՝ ապահովելու համար, որ Մոսկվայի պատասխան միջոցառումների առջև Բելգիան միայնակ չմնա:

Սակայն, ի դժգոհություն Բելգիայի, մի քանի երկրներ դժկամությամբ են դա անում՝ վախենալով Կրեմլի հակահարվածից: Ըստ ԵՄ դիվանագետի՝ Մուրսը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ակտիվների օգտագործման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդուննի Դե Վևերը:

Բելգիան պնդում է, որ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինայի համար այլընտրանքային ֆինանսավորման տարբերակներ ուսումնասիրի, մասնավորապես, համատեղ պարտքի թողարկումը, դիրքորոշում, որը պաշտպանում են Բուլղարիան, Իտալիան և Մալթան։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի առավոտյան Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ զգուշորեն բացեց համատեղ պարտքի դուռը։

«Ես առաջարկել եմ երկու տարբեր տարբերակ Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի համար՝ մեկը հիմնված ակտիվների, մյուսը՝ ԵՄ փոխառությունների վրա։ Եվ մենք պետք է որոշենք, թե որ ուղին ենք ուզում ընտրել»,- ասել է նա։

Սակայն համատեղ պարտքը պահանջում է միաձայն աջակցություն, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով Կիևին ԵՄ հետագա օգնության վրա վետո դնելու մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի սպառնալիքները։

Մուրսն առաջարկել է հնարավոր շրջանցիկ լուծում՝ առաջարկելով ՝ վետոյի սպառնալիքը չեզոքացնող արտակարգ դրության կետ, որը հայտնի է որպես 122-րդ հոդված։

Եվրոպական հանձնաժողովի և Խորհրդի փաստաբանները նույն նիստում մերժել են Բելգիայի առաջարկը՝ այն իրավաբանորեն անվավեր ճանաչելով։ Այս գաղափարն առաջին անգամ առաջարկել էր Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը՝ անցյալ շաբաթ ֆինանսների նախարարների ընթրիքի ժամանակ, սակայն այն վիճարկվեց Սկանդինավյան երկրների կողմից։ Ակնկալվում է, որ դե այդ տարբերակը Վևերը կառաջարկի հինգշաբթի ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։