Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքի անգլիալեզու մի հաղորդման, որի ժամանակ հայտարարել է, որ եթե Հայոց ցեղասպանությունը հաստատվի պատմական եւ գիտական փաստերով, Թուրքիան ներողություն կխնդրի։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  հաղորդման ժամանակ թուրք նախարարից հետաքրքրվել են Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված Թուրքիայի վերաբերմունքով, որին ի պատասխան Բաղըշը պնդել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարիներ առաջ նամակ է գրել Հայաստանի նախագահին՝ առաջարկելով 3-րդ երկրների պատմաբանների հետ համատեղ հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել հարցը։

Այն հարցին, թե 1915-ի համար չե՞ք մտածում ներողություն խնդրել ապագայում, Էգեմեն Բաղըշը նշել է. «Եթե այն ճանաչվի ձայների մեծամասնությամբ, ապացուցվի պատմական փաստերով եւ գիտականորեն, ինչու ոչ։  Ո՞ր ազգի կարող ենք ասել, որ նրա  պատմությունը 100 տոկոսով մաքուր է։  Կարո՞ղ եք ինձ նշել մի ազգի, որի պատմության մեջ մութ ժամանակաշրջան չի եղել։  Մեր արխիվները ուսումնասիրվել են թուրք գիտնականների կողմից, որտեղ պարզ ցույց է տրվում, որ ցեղասպանություն չի եղել»,-ասել է Բաղըշը։