Վենեսուելայի արտգործնախարար Իվան Գիլը հայտնել է Ռուսաստանի Դաշնության՝ Վենեսուելայի ժողովրդին և նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը ցուցաբերվող ամուր աջակցության մասին, որն արտահայտվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում։ Դրա մասին ասվում է Վենեսուելայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Լավրովը հստակորեն արտահայտել է Մոսկվայի համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդին և նախագահ Մադուրոյին՝ վերահաստատելով իր լիակատար աջակցությունը արտաքին թշնամական գործողությունների և սպառնալիքների դեմ պայքարում։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կանգնած է Վենեսուելայի կողքին՝ խոստանալով տրամադրել անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը՝ շրջափակման և պատժամիջոցների քաղաքականությանը դիմակայելու համար»,- ասվում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Կարիբյան ծովում Վաշինգտոնի կողմից սրվող գործողությունների վերաբերյալ, որոնք հեռահար հետևանքներ ունեն տարածաշրջանի համար և սպառնալիք են միջազգային նավագնացության համար։
«Ռուսական կողմը վերահաստատեց ստեղծված իրավիճակում իր համապարփակ աջակցությունն ու համերաշխությունը Վենեսուելայի ղեկավարությանը և ժողովրդին։ Նախարարները համաձայնեցին շարունակել երկկողմանի սերտ համագործակցությունը և համակարգված գործողությունները միջազգային ֆորումներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում՝ պետությունների ինքնիշխանության հարգանքի և նրանց ներքին գործերին չմիջամտելու շահերից ելնելով»,- նշել է Մոսկվան։




























