Ազգային Ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Գագիկ Աբրահամյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը չի առաջադրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, իսկ համամասնական ընտրակարգով առաջադրվելու որոշումն իրենից կախված չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշեց. «Մեծամասնականով չեմ առաջադրվի, իսկ համամասնականով ինձանից կախված չէ, Հանրապետական կուսակցությունից եւ կուսակցության նախագահից է կախված»:
Ազգային Ժողովի պատգամավորներ են նաեւ Գագիկ Աբրահամյանի երկու եղբայրները` Արմեն Աբրահամյանը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից եւ Սերյոժա Աբրահամյանը` «Օրինաց երկրից»: Հարցին, թե առաջադրվելո՞ւ են արդյոք իր եղբայրները, Գագիկ Աբրահամյանը չպատասխանեց` խորհուրդ տալով դիմել նրանց:
Հանրապետական պատգամավոր, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը եւս տեղյակ չէ` համամասնականո՞վ, թե՞ մեծամասնականով կառաջադրի իր թեկնածությունը: «Դեռ նման որոշում չի կայացվել, երբ կկայացնեն, ես ինքս էլ կիմանամ: Այսինքն, կուսակցությունը ինչպես կորոշի»,- մեզ հետ զրույցում նշեց պատգամավորը` հավելելով, թե մեծամասնականով առաջադրվելու համար էլ անհրաժեշտ է կուսակցության որոշումը: «Մենք ցանկություններով չենք առաջնորդվում: Յուրաքանչյուր կուսակցական պետք է նաեւ կարգուկանոնը պահպանի»,- նշեց Մարտին Սարգսյանը:
Ազգային Ժողովի պատգամավորներ Հրանտ Գրիգորյանը` «Գեներալ Մանվելի» եղբորորդին (Արմավիրի թիվ 20 ընտրատարածք) եւ Ալեքսանդր Սարգսյանը (Սյունիքի թիվ 37 ընտրատարածք) ընդհանրապես հրաժարվեցին առաջադրվելու մասին:




























