Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի ներկա ղեկավար Արթուր Գեւորգյանը համոզված է, որ եթե ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, ապա Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ով նաեւ իր հորեղբայրն է, նույն ընտրատարածքում չի առաջադրվի:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ինքը` Արթուր Գեւորգյանը: Ի դեպ, նա նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
NEWS.am-ը մի քանի հարց ուղղեց Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր գեւորգյանին:
Պարոն Գեւորգյան, ըստ մամուլի տեղեկությունների, ՀՀԿ-ն Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5 ընտրատարածքում քննարկում է նաեւ Ձեր թեկնածության առաջադրման հարցը:
Կա հստակ ժամանակ, թե երբ պետք է մարդն առաջադրվի, հետեւաբար այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հաստատել իմ առաջադրման մասին խոսակցությունները: Այդ ժամանակ միայն ամեն ինչ 100-տոկոսանոց իրականություն կլինի: Մինչ այդ` նման լուրերը խոսակցությունների մակարդակում են, պլաններ են:
Հասկանալի է: Բայց ամեն դեպքում Ձեզ մոտ ԱԺ պատգամավոր առաջադրվելու ցանկություն կա՞:
Իհարկե, ես ինձ միամիտի տեղ չեմ դնի: Նման խոսակցություններ կան, նման քննարկումներ կան: Հայաստանի հանրապետական կուսակցությունն ինքը պետք է որոշի իմ առաջադրման հարցը: Ես էլ երեւի, թե կհամաձայնեմ եւ այն ժամանակ արդեն նոր կոնկրետ հարցեր կտաք ես էլ կոնկրետ կպատասխանեմ:
Ձեզ համար վարչական շրջանի ղեկավարի պարտականություննե՞րն են ավելի հոգեհարազատ, թե՞ ԱԺ պատգամավորի:
Փորձեցինք մեզ դրսեւորել վարչական աշխատանքով` ստացվեց: Հիմա էլ ժամանակն է նույն ոգով, նույն համարձակությամբ գործունեություն ծավալել ԱԺ-ում, որովհետեւ այնտեղ էլ կան դեռ շատ ու շատ խնդիրներ, որոնք լուծվելու կարիք ունեն:
Նույն` Դավիթաշենի թիվ 5 ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն ունի նաեւ Ձեր հորեղբայրը` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը: Սա չի՞ դժվարացնի Ձեր ընտրապայքարը, ինչպե՞ս եք այն պատկերացնում:
Ես չեմ կարծում, որ եթե որոշվեց, որ առաջադրվողը ես եմ, իմ հորեղբայրը կառաջադրվի:
Այսինքն` Դուք կարծում եք, որ Ձեր հորեղբայրը կզիջի՞ իր տեղը:
Մենք ինչպես եւ բոլոր մարդիկ, ինչպես բոլոր բարեկամները մեկ կվիճենք, մեկ կբարիշենք: Դա մեր անձնական խնդիրն է: Ես նորից եմ կրկնում, որ քաղաքականությունը դա այն դաշտը չի, որտեղ մենք ի ցույց դնենք մեր հարաբերությունները: Ավելին` չեմ կարծում, որ քաղաքականությունը կարող է պատճառ դառնալ, որ մենք ինչ-որ հարցեր լուծենք: Իհարկե, պարոն Գեւորգյան Ռուբենը չի առաջադրվի այն պարագայում, եթե ես եմ առաջադրվում:
Նման համաձայնություն արդեն ունե՞ք նրա հետ:
Չէ, նման համաձայնություն չկա: Ես կարծում եմ, որ դա խելամիտ որոշում կլինի:
Հ.Գ NEWS.am-ը զրուցեց նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի հետ: Վերջինս արձագանքելով Արթուր Գեւորգյանի այն համոզմանը, թե իր հորեղբայրը չի առաջադրվի, եթե ինքն առաջադրվի, ասաց. «Ես չգիտեմ ինքն ինչ ա ասել, թե չի ասել: Ինձ բացի իմ կուսակցության առաջնորդից մեկ էլ քաղխորհրդից ոչ ոք չի կարող ասել թեկնածությունդ դիր կամ մի դիր: Իսկ մնացածն արդեն բարոյական դաշտի խնդիր է, արյան գաղափարի խնդիր է: Այդ ժամանակ արդեն առաջնայինը ես, որպես այդ դաշտի մարդ, իմ քաղաքական կարծիքը կհայտնեմ իմ քաղաքական առաջնորդի հետ միասին: Ներկա պահին բավարարվեք այդքանով»:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը



























