ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նախատեսում է մոտ մեկ շաբաթվա ընթացքում վերանայել և հրապարակել մոտ 700,000 էջանոց փաստաթղթեր, որոնք կապված են ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ, որը դատապարտվել էր մանկապղծության համար և հետագայում ինքնասպան եղել։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «[ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմի գնահատմամբ՝ Ջեֆրի Էփշտեյնին առնչվող բոլոր նյութերի հրապարակումն ավարտելու համար անհրաժեշտ է ևս մոտ մեկ շաբաթ, ինչպես նաև պետք է վերանայել մինչև 700 հազար էջ»։ Պորտալի՝ պաշտոնատար անձանց թվում գտնվող աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն հրապարակել է այս գործի հետ կապված մոտ 750 հազար փաստաթուղթ։ Դրանց ստուգմամբ՝ նախքան հրապարակումը, զբաղվում են գերատեսչության շուրջ 200 աշխատակիցներ։

Պորտալի տեղեկություններով՝ վարչակազմում զայրույթ է առաջացնում այս թեմայի նկատմամբ ԶԼՄ-ների ուշադրությունը։ «Սա ամեն ինչից՝ Կոնգրեսի գործողություններից և մեր պատասխան քայլերից ծայրահեղ դժգոհության, ինչպես նաև այն մտահոգության համադրությունն է, որ այս թեման չի հանդարտվում», - նշել է աղբյուրներից մեկը։ «Կա նաև որոշակի վրդովմունք ԶԼՄ-ների նկատմամբ այն պատճառով, որ այս ամենը տարիներ շարունակ չէր դիտարկվում որպես լրատվական առիթ։ Իսկ հիմա այն ոչ միայն համարվում է լրատվական առիթ, այլև շատ լրատվամիջոցների համար դառնում է օրվա գլխավոր նորությունը», - հավելել է զրուցակիցը։

Ինչպես նշել է պորտալը, Արդարադատության նախարարության կողմից նախկինում հրապարակված փաստաթղթերը, մասնավորապես, վկայում են այն մասին, որ Թրամփն ութ անգամ թռել է Էփշտեյնի ինքնաթիռով, թեև նախկինում հերքել է դա։ Հրապարակման մեջ արձանագրվում է, որ սա չի խոսում որևէ հանցագործության մեջ նախագահի ներգրավվածության մասին։ Կոնգրեսական-դեմոկրատները սեպտեմբերին հրապարակել են Էփշտեյնին հասցեագրված նկարազարդ մի ուղերձ, որն ավելի քան 20 տարի առաջ իբրև թե ուղարկել է Թրամփը։ Վերջինս բազմիցս ընդգծել է, որ որևէ առնչություն չունի այդ նամակի հետ։

Կոնգրեսը գրեթե միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը պարտավորեցնում է Արդարադատության նախարարությանը հրապարակել Էփշտեյնի գործով բոլոր նյութերը։ Թրամփը ստորագրել է այդ փաստաթուղթը։

Էփշտեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել է, որ վկայություններ կան այն մասին, որ 2002-2005 թվականներին նա Մանհեթենի իր տանը կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների հետ սեռական հանդիպումներ, որոնցից ամենափոքրը 14 տարեկան է եղել։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ներառված են եղել մեծ թվով գործող և պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև շատ այլ երկրներից, այդ թվում՝ նախկին պետական ղեկավարներ, խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը ԱՄՆ-ում դադարեցվել է այն բանից հետո, երբ նա 2019 թվականի օգոստոսին բանտախցում ինքնասպանություն է գործել։ Էփշտեյնի ծանոթների թվում են եղել նաև ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը և Թրամփը։