Եվրահանձնաժողովը դատապարտել է ԵՀ նախկին անդամ Թիերի Բրետոնի դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը, որոնք սահմանվել են «թվային ծառայությունների մասին օրենքի» (DSA) մշակման և առցանց ապատեղեկատվության դեմ պայքարող չորս եվրոպացիների համար:

«Եվրոպական հանձնաժողովը կտրականապես դատապարտում է ԱՄՆ-ի որոշումը՝ ճամփորդական սահմանափակումներ մտցնել հինգ եվրոպական քաղաքացիների, այդ թվում՝ նախկին եվրոպական կոմիսար Թիերի Բրետոնի նկատմամբ։ Արտահայտվելու ազատությունը Եվրոպայում հիմնարար իրավունք է և Միացյալ Նահանգների հետ ընդհանուր արժեք՝ ողջ ժողովրդավարական աշխարհում»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՀ-ն հիշեցնում է, որ Եվրամիությունը «բաց, կանոնների վրա հիմնված միասնական շուկա է, որն ունի ինքնիշխան իրավունք՝ կարգավորելու տնտեսական գործունեությունը՝ մեր ժողովրդավարական արժեքներին և միջազգային պարտավորություններին համապատասխան կերպով»։

«Մեր թվային կանոններն ապահովում են անվտանգ, արդար և հավասար պայմաններ բոլոր ընկերությունների համար, որոնք աշխատում են օբյեկտիվորեն և առանց խտրականության: Մենք պարզաբանումներ ենք խնդրել ԱՄՆ իշխանություններից և շարունակում ենք համագործակցել նրանց հետ: Անհրաժեշտության դեպքում մենք օպերատիվ և վճռականորեն կարձագանքենք՝ մեր կարգավորող ինքնավարությունը անհիմն միջոցներից պաշտպանելու համար»,- ընդգծել են Բրյուսելում:

Բրետոնը, որպես 2019-ից 2024 թվականների ներքին շուկայի հարցերով եվրոպական կոմիսար, եղել է DSA օրենքի հեղինակը, որը պահանջում է այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Meta-ն, Google-ը, X-ը (նախկին Twitter) և Amazon-ը, ավելի լավ վերահսկել առցանց բովանդակությունը և պայքարել ապատեղեկատվության ու ատելության տարածման դեմ: Վաշինգտոնն այս կարգավորումը հարձակում է համարել՝ խոսքի ազատության վրա:

ԱՄՆ-ի արգելքի տակ են հայտնվել նաև Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում առցանց ապատեղեկատվության և համացանցում ատելության խոսքի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱՄՆ իշխանությունների այս որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել նաև Ֆրանսիայում:

«Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Միացյալ Նահանգների կողմից Թիերի Բրետոնի և չորս այլ եվրոպացի գործիչների նկատմամբ սահմանված վիզային սահմանափակումները»,- սոցիալական ցանցում գրել է արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

ԱՄՆ-ի որոշումը սոցցանցում դատապարտել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եվրամիության թվային կանոնակարգերն ընդունվել են Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի կողմից՝ ժողովրդավարական և ինքնիշխան գործընթացի արդյունքում։ Դրանք կիրառվում են Եվրոպայում՝ հարթակների միջև արդար մրցակցություն ապահովելու համար՝ առանց երրորդ երկրները շոշափելու և համացանցում այնպիսի կանոնների պահպանումն ապահովելու համար, որոնք արդեն գործում են օֆլայն տիրույթում»,- գրել է Մակրոնը։