Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունն «ուշադիր հետևում է» Իրանում տեղի ունեցող զարգացումներին՝ ի պատասխան այն հաղորդագրությունների, որ Իսրայելն ավելի ու ավելի է մտահոգված Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության վերականգնմամբ և ընդլայնմամբ, հաղորդում է Times of Israel-ը։
«Ես կարդացել եմ հաղորդագրություններն Իրանի մասին, որին մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ծանր հարվածներ հասցրեցինք «Առյուծի վերելք» գործողության ժամանակ,- ասել է Կացը օդաչուների ավարտական միջոցառման ժամանակ՝ անդրադառնալով 12-օրյա հունիսյան պատերազմին։ -Պաշտպանության նախարարությունը ուշադիր հետևում է զարգացումներին, և, բնականաբար, չեմ կարող մանրամասնել։ Բայց մեկ սկզբունք անկասկած է. այն, ինչ տեղի է ունեցել մինչև հոկտեմբերի 7-ը, այլևս չի կրկնվի։ Մենք Իսրայելի պետության ոչնչացման մասին սպառնալիքներ թույլ չենք տա»։





























