Ռուսաստանի արտգործնախարարը եւ Արտաքին հետախուզության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը Ռուսաստանի նախագահ Դմիտրի
Մեդվեդեւի կարգադրությամբ մեկնել են Սիրիա, որտեղ հանդիպելու են նախագահ Բաշար Ասադի հետ:
Մոսկվան նախատեսել էր այդ այցը միչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սիրիական բանաձեւի հարցով քվեարկությունը: Ուղեւորության արդյունքներին մեծ նշանակություն է տրվում: Ինչպես մեկնելու նախօրեին Սիրիայի բանաձեւի քննարկման առիթով մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը, «մենք խնդրանքով դիմել էինք, մեզ եւս մի քանի օր տալու, որպեսզի կարողանանք քննարկել իրադրությունն այն բանից հետո, երբ Միխայիլ Ֆրադկովը եւ ձեր խոնարհ ծառան կայցելեն Դամասկոս»:
Սակայն բանաձեւի կողմնակիցները ԱՄՆ-ի ղեկավարության ներքո հրաժարվել են սպասել այցի արդյունքներին, ըստ նախարարի այդպիսով ցույց տալով «բացահայտ անհարգալից վերաբերմունք»: Համաձայնության գալու փոխարեն` նրանք նպատակասլաց կերպով ԱԽ-ում քննարկման են ներկայացրել չհամաձայնեցված փաստաթուղթ, որպեսզի հնարավոր լինի «կատարվածի համար ինչ-որ մեկի վրա բարդել մեղքը», գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ուղեւորության նպատակը Սիրիայում ժողովրդավարական բարեփոխումների միջոցով իրավիճակի կայունացման հասնելն է: Իր հերթին, իշխանությանը մոտ սիրիական անկախ «Ալ վաթան» թերթը գրում է, որ բացի ազգային երկխոսության արագացման հարցի քննարկումից եւ լայնածավալ բարեփոխումների անցկացումներից, Լավրովը եւ ԱՀԾ-ի ղեկավարը սիրիական առաջնորդի հետ կքննարկեն այն կանոնները, որոնք անհրաժեշտ է ընդունել արեւմտյան եւ արաբական երկրների խմբավորումներին եւ նրանց հնարավոր գործողություններին դիմակայելու համար»:
Ինքը Լավրովը հրաժարվել է բացահայտել Դամասկոս կատարելիք այցի բովանդակությունը:
Ազդեցիկ միջարաբական «Աշ շարկ ալ-Աուսաթ» թերթը, վկայակոչելով ՄԱԿ-ի դիվանագիտական աղբյուրները, գրում է, որ այդ ուղեւորությունը հաստատում է Ռուսաստանի ձգտումը Բաշար Ասադի վրա վճռական ճնշում գործադրել այն բանի համար, որ նա մոտ ապագայում իր հրաժարականի մասին որոշում կայացնի: Թերթը նշում է, որ Դամասկոս է մեկնում ոչ միայն Լավրովի պատվիրակությունը, որն արդեն ինքնին խոսում է Կրեմլի նպատակների լրջության մասին, բայց եւ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ֆրադկովը:
«ՌԻԱ Նովոստիի» փորձագետները նույնպես կարծում են, որ Լավրովը եւ Ֆրադկովը Դամասկոս կատարած այցի ժամանակ կհամոզեն Ասադին հեռանալ իշխանությունից:




























