Թերթը գրում է, որ վաղը տեղի է ունենալու ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որի ժամանակ կուսակցություններն արդեն պետք է ներկայացնեն իրենց մոտեցումները ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմավորման եւ մեծամասնական կարգով առաջադրումների, կուսակցությունների թեկնածուների վերաբերյալ: «Հանգստյան օրերին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամներն այդպես էլ քննարկումների արդյունքում չեն հաջողել ձեւավորել միասնական տեսակետ: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը ՀԱԿ-ում մշտապես ներկայացրել է այլընտրանքային կարծիք:
Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից թերթը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դեռ չի հաջողվում ձեւավորել միասնական կարծիք: Ի պատասխան՝ պարոն Մակեյանը նկատեց. «Հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը մեծ քաղաքական կառույց է, մենք փորձում ենք այնպիսի մեխանիզմ գտնել, որ հնարավորինս չլինեն տարակարծություններ, շահերի բախում եւ ամենակարեւորը, որ հասարակությանը մեսիջ տանք, որ ՀԱԿ-ում տեղերի մասով որեւէ խնդիր չկա: Բարդ մեխանիզմներ են, փորձում ենք ի մի գալ»:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ մինչեւ չորեքշաբթի օրը կհստակեցնեն մոտեցումը եւ կներկայացնեն ՀԱԿ քաղխորհրդի դատին: Նաեւ տեղեկացրեց, որ «Հանրապետությունը» նույնպես դեռեւս չի ներկայացրել իր մոտեցումները»,- գրում է «Առավոտ»-ը:




























