Մալդիվյան կղզիների Զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ երկրի նախագահ Մուհամեդ Նաշիդը հրաժարական է տվել, գրում է AP-ը:

Ավելի վաղ հաղորդել էին այն մասին, որ Նաշիդը թաքնվել է բանակի գլխավոր շտաբի շենքում, քանի որ երկրում ոստիկանները ցույցի են դուրս եկել` հրաժարվելով կատարել նախագահի հրամանը:

Պետության մայրաքաղաք Մալեյում բողոքի ցույցերն սկսվել են փետրվարի 7-ի առավոտյան, այն բանից հետո, երբ իշխանությունները նրանց հրամայել են հանել ընդդիմադիր խմբավորումներին եւ կառավարության կողմնակիցներին տարանջատող արգելապատնեշը:

Ոստիկանությունն այդ հրամանը համարել է անօրինական եւ սկսել է Նաշիդի հրաժարականի կարգախոսներ վանկարկել:

Դրանից հետո Մալեյում բախումներ են տեղի ունեցել ՆԳՆ-ի աշխատակիցների եւ Մալդիվների բանակի զինծառայողների միջեւ, որոնք հավատարիմ են մնացել կառավարությանը: Դեպքի վայր ժամանած բանակային ստորաբաժանումները ռետինե փամփուշտներով կրակել են ոստիկանների վրա: Նախնական տվյալներով երեք մարդ է տուժել: