Լեհաստանը նախատեսում է ավարտել ամրությունների նոր համալիրի կառուցումը արեւելյան սահմանի երկայնքով երկու տարվա ընթացքում՝ անօդաչուների դեմ պայքարի համար, հայտնել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը Լեհաստանի օդային տարածք այս տարեսկզբին ռուսական անօդաչուների զանգվածային ներխուժումից հետո, տեղեկացրել է The Guardian-ը։
«Մենք սպասում ենք, որ համակարգի առաջին հնարավորություններն ի հայտ կգան մոտ վեց ամիս հետո, գուցե, անգամ ավելի վաղ։ Իսկ լիակատար համակարգի ստեղծման համար կպահանջվի 24 ամիս»,- ասել է պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը Վարշավայում, The Guardian հարցազրույցում։ Տոմչիկն ասել է, որ հակաօդային պաշտպանության նոր համակարգերը կինտեգրվեն պաշտպանության ավելի հին գծին, որը կառուցվել է տասը տարի առաջ։ Նա ասել է, որ այն կներառի պաշտպանության տարբեր մակարդակներ, գնդացիրներ, հրանոթներ, հրթիռներ եւ անօդաչուների ճնշման համակարգեր։
«Դրանց մի մասը նախատեսված է միայն ծայրահեղ պայմաններում կամ պատերազմում օգտագործելու համար: Օրինակ՝ բազմափող գնդացիրները դժվար է օգտագործել խաղաղ ժամանակ, քանի որ ամեն ինչ, որ բարձրանում է, պետք է իջնի»,- ասել է նա։
Սեպտեմբերին տասնյակ կասկածելի ռուսական անօդաչու թռչող սարքեր մտան Լեհաստանի օդային տարածք, որի հետեւանքով փակվեցին օդանավակայանները, կործանիչներն օդ հանվեցին, վնասվեցին գետնի վրա գտնվող շենքեր՝ անօդաչու թռչող սարքերի խոցման պատճառով։
Արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին այդ ժամանակ The Guardian-ին ասել էր, որ գրոհները, որոնց մասնակցում էին առանց զինամթերքի անօդաչու թռչող սարքեր, Ռուսաստանի փորձն էին «փորձել մեզ՝ առանց պատերազմ հրահրելու»։





























