Սաուդյան Արաբիայում պաշտոնապես թույլ են տվել նշել ոչ մուսուլմանական կրոնական տոները, ներառյալ Սուրբ Ծնունդը, տեղեկացրել է Zamin.uz պորտալը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։ Այս որոշումն արժանացել է թագաժառանգ արքայազն եւ երկրի վարչապետ Մոհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հավանությանը։
Հրապարակման տվյալներով՝ այդ փոփոխությունները դարձել են թագավորության կրոնական քաղաքականության նոր մոտեցման մասը եւ կապված են ժամանակակից իրողություններին իսլամի համապատասխանության մեկնաբանման վերանայման հետ։ Թագաժառանգ արքայազնը ընդգծել է, որ նոր քաղաքականությունը հիմնված է այլ կրոնների մարդկանց դավանանքի ազատությունը հարգելու վրա։
Այս բարեփոխման արդյունքում ավելի քան 13 միլիոն ոչ մուսուլմաններ, որոնք ապրում են Սաուդյան Արաբիայում, գլխավորապես՝ քրիստոնյաներ, հնարավորություն են ստացել բացահայտ եւ ազատ նշելու իրենց կրոնական տոները։
Պարզաբանվել է, որ փոփոխություններն այս ուղղությամբ արդեն նկատվում են վերջին տարիներին։ 2022թ․ հանվել է սուրբծննդյան տոնածառի եւ տոնական զարդարանքի արգելքը, իսկ 2023-2024թթ․ խոշոր քաղաքներում, ինչպիսին են Էր Ռիադը եւ Ջիդան, սկսել են կազմակերպել սուրբծննդյան շուկաներ, թեմատիկ համերգներ եւ տոնական ծրագրեր հյուրանոցներում եւ զբոսաշրջային համալիրներում։
Պաշտոնական ներկայացուցիչներն այս բարեփոխումներն անվանում են Սաուդյան Արաբիայի քաղաքականության կարեւոր մաս՝ ուղղված միջազգային հանրույթի, մշակութային բազմազանության հարգմանը եւ տուրիզմի զարգացմանը։





























