Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան: Դրանից բացի` քննարկել են նաեւ «Սիտրոնիկս» ընկերության` Հայաստանում ստեղծվող ազատ տնտեական գոտիների կառավարմանը, ռուսաստանյան «Ռոսագրոլիզինգ» ընկերության կողմից լիզինգային տարբերակով մեր երկրին գյուղտեխնիկայի մատակարարմանը, ՀՀ-ում ընկերության ներկայացուցչության հիմնմանը, ինչպես նաեւ հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր: Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Երեւանում` 2012 թ. երկրորդ կիսամյակին: Հանդիպման արդյունքում Տիգրան Սարգսյանը եւ Իգոր Լեւիտինն ստորագրել են արձանագրություն՝ քննարկման արդյունքների հիման վրա, ինչպես նաեւ մինչ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության հայեցակարգը, որը մշակվել է 2011 թ. հուլիսի 8-ին Դոնի Ռոստովում կայացած հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 13-րդ նիստի արձանագրության հիման վրա:




























