Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։

Ըստ Ռյուտեի, Թրամփը «լիովին կենտրոնացած է այս պատերազմը ավարտելու վրա»։

«Նա ուզում է ավարտել պատերազմը Ուկրաինայում։ Նա միակն է, ով կարողացավ ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ, և միակն է, ով, ի վերջո, կկարողանա ստիպել նրան խաղաղություն կնքել», — հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ կլինի գնալ փոխզիջումների․ «Այդպես է միշտ լինում խաղաղության պայմանագրերում»։ Թե որ կողմը պետք զիջումների գնա, Ռյուտեն չի հստակեցրել։

Այն մտավախությանը, թե ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք կարող է դադարեցնել Ուկրաինայի աջակցությունը, որը արդեն չորրորդ տարին  պաշտպանում է իրեն Ռուսաստանի զինված ագրեսիայից, Մարկ Ռյուտեն համակարծիք չէ։ Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ն կպահպանի իր նվիրվածությունը ՆԱՏՕ-ին, այնպես որ եվրոպացիները Ռուսաստանի հարձակման դեպքում ստիպված չեն լինի միայնակ դիմակայել Մոսկվային։

Ուկրաինայի համար արևմտյան անվտանգության երաշխիքների հարցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անվանել է վճռորոշ։ Ըստ նրա, Ռուսաստանի նախագահին Ուկրաինայի վրա նոր հարձակումից կարող են զսպել երեք հանգամանք․ «Առաջին մակարդակում՝ ուկրաինական զինված ուժերը։ Նրանք պետք է լինեն գերազանց վիճակում (…) Երկրորդ մակարդակը՝ «ցանկացողների կոալիցիան» է՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարությամբ, Գերմանիայի և այլ երկրների մասնակցությամբ։ Այս կոալիցիան կտրամադրի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ուկրաինական զինված ուժերին լրացուցիչ ապահովի և այնպես անի, որ Պուտինը այլևս չհամարձակվի (հարձակվել։ — խմբ․)։ Եվ երրորդ մակարդակը՝ ԱՄՆ-ն է։ Ամերիկայի նախագահը օգոստոսին ասել է, որ ցանկանում է մասնակցել (Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ — խմբ․)»։

Այս երեք գործոնները միասին «այլ բան են, քան «Մինսկ-2»-ը կամ հիպոթետիկ «Մինսկ-3»-ը։ Այստեղ խոսքը իսկապես ուժեղ անվտանգության երաշխիքների մասին է», — ընդգծել է Մարկ Ռյուտեն։

Ռյուտեն հիշեցրել է, որ մի շարք եվրոպական երկրներ համաձայնություն են հայտնել Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու վերաբերյալ և նշել է, որ այժմ Կիևի դաշնակիցները քննարկում են «ցանկացողների կոալիցիայի» կոնկրետ հայեցակարգը՝ այն, թե ինչպիսին կլինի զորքերի տեղակայումը, նրանց գործողությունները ցամաքում, ծովում և օդում, հաղորդում է «Немецкая волна»-ն։