2024 թվականի հունիսին Qualcomm-ը նոր տեսակի հիշողության արտոնագիր է ներկայացրել։ Ֆինանսավորումը տրամադրել է IARPA-ն՝ ԱՄՆ հետախուզության առաջադեմ հետազոտությունների գործակալությունը, AGILE ծրագրի շրջանակում:
AGILE ծրագիրը ստեղծվել է կապերի գրաֆների ակնթարթային վերլուծության համար՝ ով ում հետ է ընկերություն անում, ով ում է զանգում, ով որտեղ է եղել։ Այս մասին գրում է «Секреты DARPA и ЦРУ» տելեգրամյան ալիքը։
Ըստ ալիքի, հիշողության սովորական ճարտարապետությունը հարցման դեպքում միանգամից ներբեռնում է 64 բայթ, նույնիսկ եթե միայն մեկի կարիքը կա: Qualcomm-ը թույլ է տվել դիմել հիշողության յուրաքանչյուր չիպին առանձին և անկախ՝ միաժամանակ ներբեռնելով միայն անհրաժեշտ տվյալները տարբեր վայրերից: Արդյունքում՝ ցրված տվյալների մշակման արագությունն աճում է 10-100 անգամ:
«Ինչո՞ւ է սա պետք հետախուզությանը։ Դաշտում աշխատող օպերատիվ աշխատակցի դյուրակիր սարքը պահում է գիգաբայթերով որսված զանգեր, կոնտակտներ, աշխարհագրական դիրքեր։ Խնդիրը րոպեների ընթացքում գտնելն է, թե ով է ցանցում գլխավորը, ով ում հետ է կապված։ Սովորական հիշողությունը «խեղդվում է»։ Նորը մշակում է ամեն ինչ տեղում՝ առանց կենտրոնի հետ կապի»։
Qualcomm-ը պրոցեսորներ է պատրաստում աշխարհի սմարթֆոնների կեսի համար։ Այս հիշողությունը կտեղադրվի բջջային սարքերում, պլանշետներում, նոութբուքերում, նույնիսկ անլար երթուղիչներում։ Զանգվածային ներդրումը սպասվում է 1-2 տարուց։
Երբ հեռախոսն ունենում է նման հզոր հիշողություն, հավելվածները սկսում են տվյալները վերլուծել տեղում.
-
Սոցցանցերը կառուցում են ձեր ընկերների գրաֆը հենց սարքի վրա։
-
Նավիգացիոն համակարգերը վերլուծում են ոչ միայն երթուղիները, այլև այն, թե ում հետ եք հատվում ըստ աշխարհագրական դիրքի։
-
Գովազդային ցանցերը կազմում են ձեր դիմանկարը (profiling)՝ առանց տվյալները ամպային տիրույթ ուղարկելու։
Իսկ ամերիկյան հատուկ ծառայություններն այնուհետև ընկերություններից պարզապես հարցնում են պատրաստի արդյունքները՝ ոչ թե տերաբայթերով հում տվյալներ, այլ մշակված կապերի գրաֆներ։
Հիմնական շահառուն Palantir ընկերությունն է, որը ծրագրային ապահովում է ստեղծում ԿՀՎ-ի, ԱԱԳ-ի, ՀԴԲ-ի և ոստիկանության տվյալների վերլուծության համար։
Qualcomm-ի տեխնոլոգիայի շնորհիվ մարդու մեկ տարվա բոլոր կապերի վերլուծությունը կտևի ոչ թե ժամեր, այլ րոպեներ։ Սա միայն հատուկ ծառայությունների համար չէ. Palantir-ի ծառայություններից օգտվում են նաև բանկերը, ապահովագրական ընկերությունները, կորպորացիաները՝ հաճախորդների դիմանկարը կազմելու համար։
Մեկ-երկու տարուց նոր սմարթֆոնները կունենան նման հիշողություն։ Հավելվածները կդառնան ավելի «խելացի»․
-
Գովազդը կսկսի կանխատեսել ձեր ցանկությունները շաբաթներ առաջ, քան դուք դրանք կգիտակցեք։
-
Բանկը վարկի հարցը կորոշի ոչ թե ըստ աշխատավարձի, այլ ըստ այն բանի, թե ովքեր են ձեր ընկերները և որտեղ եք լինում։
«Երբ մեկ տարի անց նոր սմարթֆոնում տեսնեք «հեղափոխական հիշողության» գովազդը, իմացե՛ք՝ այդ հեղափոխությունը վճարվել է ամերիկյան հետախուզության բյուջեից։ Եվ այն մեկ նպատակ ունի՝ ձեր մասին իմանալ ամեն ինչ»,- գրում է ռեսուրսը։