Մալդիվյան հանրապետության նախագահի պարտականություններն ստանձնել է երկրի փոխնախագահ Վահիդ Հասան Մանիկը:
Հիշեցնենք, Մալդիվյան Հանրապետության նախագահ Նաշիդը փետրվարի 7-ի առավոտյան հրաժարական է տվել: Այդ մասին սկզբում հաղորդել է երկրի ռազմական հրամանատարությունը, այնուհետեւ նա ինքն է հայտարարությամբ հանդես եկել ազգային հեռուստատեսությամբ:
Հայտարարությունն արվել էր մայրաքաղաք Մալեում ոստիկանության աշխատակիցների եւ զինծառայողների միջեւ բախումից հետո:
Հարյուրավոր ոստիկաններ փետրվարի 7-ի առավոտյան ցույցի էին դուրս եկել այն բանից հետո, երբ իշխանությունները նրանց հրամայել են հանել ընդդիմադիր խմբավորումներին եւ կառավարության կողմնակիցներին տարանջատող արգելապատնեշը: Ոստիկանությունն այդ հրամանը համարել է անօրինական եւ սկսել է Նաշիդի հրաժարականի կարգախոսներ վանկարկել:
Ինչպես արեւմտյան լրատվամիջոցներին հղում անելով տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, խռովություն բարձրացրած ՆԳՆ աշխատակիցները գրոհել են կառավարական MNBC տեղեկատվական կորպորացիան, որն այժմ հեռարձակում է ընդդիմադիր հեռուստաալիքների հաղորդումները, որոնք կոչ են անում ժողովրդին հեռացնել նախագահին:
Մալդիվներում բողոքի ցույցերը չեն դադարում նախորդ ամսվանից, երբ նախագահը հրամայել էր ձերբակալել Քրեական դատարանի ղեկավարին, որին նա մեղադրել էր նախկին նախագահ Մոմուն Աբդուլ Գայումի հրահանգները կատարելու մեջ:




























