Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոլ Լեւիտինն այցելել են Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից: Համանախագահները ծանոթացել են ազատ տնտեսական գոտու գաղափարի ներքո իրականացվող ծրագրերին եւ ինստիտուտի առաջիկա նախագծերին: Ինստիտուտը ներկայում զբաղվում է նորարական տեխնոլոգիաների միջոցով գերկայուն ապակիների արտադրությամբ եւ ունի 400 աշխատող:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «ԵրՄՄԳՀԻ» տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը` Լեւիտինը նշեց, որ այդ հարցում Հայաստանի կառավարությունն ինչպես եւ խոստացել էր, օպերատիվ կերպով ընդունել է բոլոր անհրաժեշտ նորմատիվային ակտերը, իսկ գոտու կազմակերպիչ հանդիսացող «Սիտրոնիքս Արմենիա» հայ-ռուսական համատեղ ընկերությունն առաջիկայում կներկայացնի գործունեության ծրագիրը եւ առաջիկա 6 ամիսների ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությանը վերաբերող աշխատանքները:




























