Իտալիան եւ Ֆրանսիան Սիրիայից հետ են կանչել իրենց դեսպաններին: Ընդ որում, ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, իտալական դեսպանատունը կշարունակի իր աշխատանքը Սիրիայում, որպեսզի աջակցություն ցուցաբերի երկրի քաղաքացիներին: 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ նման որոշումն ընդունվել է բնակչության նկատմամբ շարունակվող ճնշումներից ելնելով: Նախօրեին իրենց դեսպաններին Սիրիայից հետ են կանչել նաեւ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Նմանատիպ որոշում է կայացրել նաեւ Բելգիայի կառավարությունը: 

Փետրվարի 7-ին Սիրիայի իշխանությունները շարունակել են Հոմս քաղաքի հրետանային գնդակոծությունը, որը համարվում է նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդների հենակետը: Հաղորդվում է, որ փետրվարի 7-ին Հոմսում զոհվել է առնվազն 15 խաղաղ բնակիչ: Գնդակոծությունների արդյունքում, որոնք շարունակվում են փետրվարի 4-ից , զոհվել է մի քանի հարյուր մարդ, գրում է  Lenta.ru-ն: