Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյք է անվանել Մոսկվայի հայտարարություններն այն մասին, թե իբր ուկրաինական կողմը անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Վալդայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին։ Նրա խոսքով՝ Կիևն այդ մասին տեղեկացրել է ամերիկյան կողմին։
«Մեր բանակցային խումբը կապ է հաստատել ամերիկյան խմբի հետ, նրանք քննարկել են մանրամասները և մենք հասկանում ենք, որ դա կեղծիք է։ Եվ, անշուշտ, մեր գործընկերները, իրենց տեխնիկական հնարավորությունների շնորհիվ, միշտ կարող են ստուգել, որ դա ֆեյք էր»,- ասել է Զելենսկին լրագրողների հետ առցանց շփման ժամանակ։
«Պուտինի վալդայան նստավայրին հասցված հարվածները կեղծիք են։ Այնտեղ ոչ ոք չի հարվածել։ Արդյո՞ք դա կապված է պատժամիջոցների հետ։ Թերևս մի փոքր կապված է, բայց, իմ կարծիքով, դա ավելի շատ կապված է այն բանի հետ, որ ամսվա ընթացքում տեղի է ունեցել մեր թիմերի բավականին հաջող խոսակցություն և հանդիպում՝ դրական հանդիպում, որի եզրափակիչը նախագահ Թրամփի հետ մեր հանդիպումն էր»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդան»։
«Բնականաբար, հետո առաջնորդների մակարդակով հանդիպելու ենք եվրոպացիների հետ. ուզում ենք ամեն ինչ նախապատրաստել, և տա Աստված, որ հետո բոլորս միասին հանդիպենք, որպեսզի պատերազմի ավարտին ուղղված որոշակի քայլեր ձեռնարկվեն։ Մենք ցանկանում ենք, որ հունվարին շատ ու տարբեր քայլեր արվեն։ Եվ ես չգիտեմ՝ արդյոք դա կապված է «Տոմահավքների» փոխանցման հետ, թե ոչ, չեմ ուզում ոչինչ երևակայել»,- հավելել է Զելենսկին։


























