Ներկայումս Հայաստանի համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կառավարության հաստատմանը ներկայացրած «Երեւանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատում» ծրագրում:
Ռիսկերի աճը պայմանավորված է սեյսմիկ ակտիվության նոր ցիկլով, շենքերի եւ շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով, հատուկ եւ կարևոր նշանակության շինություններին (քիմիական գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկրակայաններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, դպրոցներ, ջրամբարներ, կենսապահովման գծեր, առողջապահական հիմնարկներ եւ այլն) հատկացված ոչ բավարար ուշադրությամբ, բնակչության վատ տեղեկացմամբ, սոցիալ-տնտեսական վիճակով եւ այլ գործոններով:
Նշվել է, որ Երեւան քաղաքում գոյություն ունեցող հատուկ եւ կարևոր նշանակության օբյեկտների գերակշռող մեծամասնությունը նախագծվել եւ կառուցվել են մինչեւ 1988 թվականը, եւ նրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերը անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից:




























