Դպրոցական երկու ընկերուհիներ Լիզա Պեցիլյան եւ Նաստյա Կորոլեւան փետրվարի 7-ի երեկոյան մերձմոսկովյան Լոբնյա քաղաքում ցած են նետվել 16-հարկանի շենքի  տանիքից:

Դպրոցականների մարմինները հայտնաբերվել են ժամը 21:30-ի սահմաններում: Ականատեսները հայտնել են, որ աղջիկները ձեռք ձեռքի տված ցատկել են նորակառույցի տանիքից:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` աղջիկները 12-14 տարեկան էին: Նրանք մահից առաջ երկտողներ են թողել, բայց քննիչները դրանց բովանդակությունը չեն հրապարակում: Քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը):

Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, Նաստյան եւ Լիզան մի քանի օր դպրոց չեն հաճախել, հետո էլ չեն ցանկացել վերադառնալ` վախենալով ուսուցիչների նախատինքներից  եւ համադասարանցիների վիրավորանքներից: Հնարավոր է, այդ մի քանի օրում էլ հենց վերջնական որոշել են միասին հեռանալ կյանքից:

Ինքնասպանության նախօրեին Նաստասյայի էջում, անեկդոտների եւ կատակների կողքին, որոնք հաճախ են փոխանակում դպրոցականները, արյունոտ ատրճանակի նկար է հայտնվել: Դրանից հետո էլ գրառում.  «Ատում եմ այն արտահայտությունը, երբ ասում են. «Եթե քո ընկերները իենց բարձր տեղից ցած նետեն, դու էլ կանե՞ս: Այո, կանեմ, առանց ընկերների ի՞նչ եմ անելու»:  Լիզայի պատին էլ հայտնվել էր հետեւյալ գրառումը. «Ես միշտ կգնահատեմ միայն նրանց, ովքեր մինչեւ վերջին պահն ինձ հետ են»: