Անբնական ցուրտ ձմեռը շարունակում է անակնկալներ մատուցել հարեւան Վրաստանում. 20 տարվա մեջ առաջին անգամ Թբիլիսիում սառել է ջրամբարը, որը տեղի բնակիչներն անվանում են Թբիլիսյան ծով: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` սառույցի հաստությունն այնտեղ հասնում է մի քանի սանտիմետրի:
Փրկարարները մշտապես հերթապահում են ջրամբարի ափին, քանի որ տեղի բնակիչները վաղուց սառած ծով չեն տեսել եւ այժմ գնում են ափ լուսանկարվելու եւ չմուշկներով սահելու, ինչը կարող է դժբախտ պատահարների հանգեցնել:
Պահպանում են նաեւ Կուր գետի Մցխեթիի ափը: Թբիլիսիի բնակիչները արդեն 50 տարի Կուր գետը սառած չէին տեսել:
Վրաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանն իջել է զրոյից ցածր եւ շարունակում է իջնել: Սառնամանիքները նվազագույնը մեկ շաբաթ դեռ կշարունակվեն: Բժիշկները խոստովանում են, որ վաղուց Թբիլիսիի բնակիչները չէին դիմել ցրտահարության գանգատներով: Այսպես, օրերս ստիպված են եղել հեռացնել մի երիտասարդի երկու ձեռքերի բոլոր մատները:




























