Թուրքիայում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործը հետաքննող հատուկ իրավասություններով դատախազությունը ցուցմունքներ տալու համար դատարան է կանչել Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) պետ Հաքան Ֆիդանին, ծառայության նախկին պետ Էմրե Թաներին եւ ծառայության պետի նախկին տեղակալ Աֆեթ Գյունեշին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  MIT-ի ղեկավարներին դատարան կանչելը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։  Թեմայի հետ կապված Ստամբուլի գլխավոր դատախազ Թուրան Չոլաքքադը եւ հատուկ իրավասություններով գլխավոր դատախազի տեղակալը հրաժարվել են տեղեկություններ հաղորդել։

Նշվում է, որ ըստ պնդումների՝ MIT-ի ներկա եւ նախկին ղեկավարները ցուցմունք են տալու տարիներ առաջ Օսլոյում PKK-ի ղեկավարության հետ բանակցություններ վարելու վերաբերյալ։

Նշենք, որ Օսլոյում MIT-PKK հանդիպման 47 րոպե տեւողությամբ ձայնագրությունն ամիսներ առաջ հայտնվել էր ինտերնետում։